Դեկտեմբերի 15-ին Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով Թեհրան այցելեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:
Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:
Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծեց հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Շավարշ Քոչարյանը փոխանցեց նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:
Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:
ՀՀ ԱԳՆ