Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պրովինցիայի» լուսամուտից

Դեկտեմբեր 16,2013 18:01

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա պետական համալսարան հիմնելու խնդիրը շարունակում է հուզել հասարակական կարծիքը, և ինչպես երևում է մամուլում պարբերաբար հայտնվող հրապարակումներից, հուզումը համակել է ոչ միայն «տուժող» կողմին` համալսարանի հիմնադրման պարագայում, այլև նրա հեռու և մոտ բարեկամներին: Եվ համարյա զավեշտի են վերածվում մամուլի` այս թեմային անդրադարձերը զուտ ժանրային առումով. խնդիրը ակնարկի ժանրում քննվելուց հետո հայտնվել է նույնիսկ գրական մամուլում` էսսեի «կերպարանք» առած: Տուժող կողմն ակնհայտորեն մարտադաշտ է նետում բոլոր հնարավոր «զինատեսակները»` իր «ոտնահարվող» իրավունքները պաշտպանելու համար:

Եվ չնայած բարձր մակարդակով` ԿԳ նախարարի շուրթերով արդեն հնչել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը պետական համալսարանի վերածելու մտադրության մասին հայտարարությունը` բացառելով վերջինիս միավորումը ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հետ, այնուամենայնիվ, կրքերը չեն հանդարտվում: Ահավասիկ, իր մտահոգություններով հրապարակ է իջել ևս մեկ «իրավապաշտպան»` ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի գիտաարտադրական աշխատանքների գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Բորիս Մամիկոնյանը:

Վտանգավորն այն է, որ կրթության գործի մասնագետը դատողություններ է անում Երևանի պետհամալսարանից բացի այլ ինքնուրույն համալսարանների գոյության աննպատակահարմարության մասին ընդհանրապես` մասնավորապես զարմանք հայտնելով, թե ո՛ր կարիքն է ստիպել պետական համալսարան բացել Վանաձորում:
Եվ այդ տեսակետը հետևանք է այն գավառամիտ հայացքի, որ նետված է կրթական համակարգի վրա հեռվից, մեզ թույլ ենք տալիս ասել՝ պրովինցիայի «լուսամուտից»: Բ. Մամիկոնյանը գրեթե կասկած չունի, որ Վանաձորում համալսարան հիմնելը ԿԳ նախարարին «պարտադրված» է: Ինչու՝ չի ասում, ումից՝ չի ակնարկում: Մինչդեռ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վանաձորի մանկավարժական ինստիտուտը համալսարանի կարգավիճակ ստանալուն հետամուտ է տարիներ շարունակ, քանզի քաջ գիտակցում է, որ միայն այդ եղանակով է հնարավոր հնարավորին չափ համարժեքորեն արձագանքել շուկայի և տնտեսության արդի պահանջներին, հետևաբար համալսարանի վերածվելն այլընտրանք չունի, որքան էլ դա ոմանք չկամենան:

Եվ երբ պրոֆեսորն իրեն թույլ է տալիս մի ամբողջ բուհական հաստատության մասին արտահայտվել քամահրական տոնով՝ գրելով, որ Վանաձորի մանկավարժական ինստիտուտը համալսարան է դառնում Պոլիտեխնիկի մասնաճյուղը «պոկելու» գնով, ապա դա միմիայն զարմանք է հարուցում: Ոչ ոք ոչ մեկից ոչինչ «պոկել» չի ուզում, պարոն Մամիկոնյան, և ի տարբերություն Ձեզ՝ ՎՊՄԻ-ում բոլորովին այն կարծիքին չեն, որ կրթական բարեփոխումները երկրում իրականանում են «պոկելու» տրամաբանությամբ:
Իսկապես տարօրինակ է, որ բուհական գործի մասնագետը Վանաձորում և այլուր ինքնուրույն համալսարաններ հիմնելը դիտում է անցանկալի երևույթ: Նրա «խորին համոզմամբ»՝ մայրաքաղաքից դուրս, եթե անհրաժեշտ է, պիտի ոչ թե առանձին-ինքնուրույն համալսարաններ հիմնել, այլ ընդամենը բացել ԵՊՀ-ի մասնաճյուղեր, և վերջ:
Միանգամայն ակներև է, որ պրոֆեսորի այդ տեսակետը հրապարակում հայտնվել է նաև ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղին սպառնացող (իբր) վտանգի դեմն առնելու ցանկությունը այնպիսի գլոբալ հարցադրումով քողարկելու համար, ինչպիսին է ինքնուրույն համալսարաններ հիմնելու «անթույլատրելիությունը» մայրաքաղաքից դուրս: Եվ հաշվարկն էլ միանգամայն պարզ է. բացառելով առանձին համալսարաններ հիմնելու քաղաքականությունը և ջատագովելով միայն մասնաճյուղեր բացելու նպատակահարմարությունը՝ պրոֆեսորը հարվածից «փրկում» է արդեն եղած մասնաճյուղերը. նրանք կշարունակեն գոյատևել:

ՀԳ.: Խնդրո առարկայի շուրջ բոլոր ապագա հոդվածագիրներին, ակնարկագիրներին, էսսեագիրներին և մյուսներին.
ա) Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը որևէ այլ կրթական կառույցի չի միանում,
բ) Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը շարունակելու է հետամուտ լինել` դառնալու ինքնուրույն պետական համալսարան:

Անի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրատվության բաժնի աշխատակից

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031