Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյանը հիշեց ռուսական հեքիաթը. “Пойти туда – не знаю куда, принести то – не знаю что”

Դեկտեմբեր 16,2013 17:49

«Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով հանրային քննարկմանը, չնայած նախապես տրված համաձայնությանը, չէին եկել հրավիրված զեկուցողներից երեքը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Քննարկումը նախաձեռնել էր «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» -ը, որի տնօրեն Լարիսա Մինասյանը, անդրադառնալով Հայաստանի կողմնորոշման հանկարծակի փոփոխությանը՝ նկատեց, որ շատ բարդ է հասկանալ Մաքսային միությանը միանալու եւ ապագայում Եվրասիական միության հիմնմանը մասնակից լինելու նպատակների մասին խոսող ՀՀ իշխանություններին, երբ չկա այդ ուղղությամբ զարգացման վեկտորի որեւէ բնութագրում, երբ դրված չեն ակնկալիքները, նպատակները, երբ պարզ չէ, թե ո՞րն է այնտեղ գնալու մեր նպատակը:

Մաքսային միություն այսպես հանպատրաստից, առանց որեւէ հեռահար նպատակների մտնելը տիկին Մինասյանը բնութագրեց ռուսերեն հայտնի հեքիաթի տողերով՝ “Пойти туда – не знаю куда, принести то – не знаю что”.

Նա նաեւ նկատեց, որ առավել դժվար է գնահատական տալ այդ ընտրությանը՝ դեպի Մաքսային միություն, երբ շատ քիչ բան է հայտնի: Միայն բեկորներ կան ընդհանուր պատկերից ու այդ պարագայում որեւէ գնահատական տալը հղի է սխալներով: Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ դեպի Մաքսային միություն տանող ճանապարհը՝ ելնելով այդ ուղղության արտացոլումից, միայն նեգատիվ բնույթ ունի:

Ավելի խիստ եւ կտրուկ էր իր արտահայտություններում «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լեւոն Բարսեղյանը, որն ասաց, թե նախկինում էլ այս իշխանությունների մեղսունակության վերաբերյալ մեծ կարծիք չուներ, սակայն սեպտեմբերի 3-ից հետո համոզվեց, որ Հայաստանի իշխանությունները էական կապ չունեն Հայաստանի քաղաքացիների հետ:

Նա հիշեցրեց, որ երբ յուրաքանչյուր ընտրություններից հետո, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր կեղծիքների, լցոնումների, իշխանության վերարտադրության մասին՝ դրսից արձագանքները լինում էին, թե առաջընթաց կա, ավելի լավ կլինի եւ այլն: Ու թեեւ իշխանությունների արարքների վերաբերյալ մեր հասարակության ակտիվ մասը միշտ տեղեկացնում էր, սակայն դրսի ուժերը, մասնավորապես, եվրոպական չինովնիկները, շարունակում էին բանակցել ՀՀ իշխանությունների հետ, լուրջ ընդունել նրանց: Մինչեւ եկավ սեպտեմբերի 3-ը, որից հետո միայն հասկացան, որ «այս իշխանությունների հետ բանակցելը անիմաստ է, որովհետեւ մի հարվածով խաչ քաշեցին չորս տարվա աշխատանքների վրա, որոնք տարվել էին մեր եւ ԵՄ իշխանությունների միջեւ:

Ինչ վերաբերում է Վիլնյուսում ստորագրված հուշագրին, պարոն Բարսեղյանի կարծիքով՝ դրա նպատակը միայն իշխանության ցանկությունն էր «կաբելը չկտրել», որովհետեւ գուցե այդ խողովակով շարունակեն մի քանի մլն եվրո արժողությամբ դրամաշնորհներ գալ:

Որքան էլ որ պարոն Բարսեղյանի խոսքը հիմնականում իշխանության վերաբերյալ էր, այդուհանդերձ, նա անդրադարձավ Հայաստանին՝ որպես երկրի. «Հայաստանը սաստիկ թուլացած երկիր է, իր իմունային համակարգով շատ թուլացած է, եւ որոշ ուժեր, օգտվելով նրա թուլությունից, կարող են օձիքից բռնած այսկողմ- այնկողմ տանել, քաշ տալ նկուղ եւ ձեղնահարկ… ու այդ ամենը՝ փորձելով արդարացնել, թե դա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար է: Բա այդ դեպքում ՀԱՊԿ-ի անդամակցությունը եւ ՌԴ հետ ռազմավարական գործընկերությունը ինչի՞ համար էին»:

Չնայած պարոն Բարսեղյանն ասաց, որ չի հանդիպել որեւէ մարդու, որը որեւէ տարակույս կունենա, թե Սերժ Սարգսյանին ճնշել են , շանտաժի են ենթարկել՝ «եթե չստորագրես Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, ապա ուրիշին կդնենք նախագահ»: Եվ հերիք չէ՝ ճնշել ու շանտաժել են, ըստ Բարսեղյանի, հետո էլ սկսեցին ծաղրել, թե «Հայաստանն այնքան արագ է գնում Մաքսային միություն, որ մենք հետեւից չենք հասցնում:

Անդրադառնալով Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ նմանություններին ու տարբերություններին՝ պարոն Բարսեղյանը նկատեց, որ, ի տարբերություն մեր ընդդիմության, Ուկրաինայի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունները միավորվեցին ընդդեմ իրենց երկրի ինքնիշխանության հավանական կորստի դեմ: Բացի դա, Ուկրաինայի 20 միլիոնանոց Սփյուռքն էլ, ի տարբերություն մեր բազմակարծիք Սփյուռքի, միակարծիք է, որ Ուկրաինային ուզում են տեսնել Եվրոպայում:

Պարոն Բարսեղյանը վստահություն հայտնեց, որ Ուկրաինան վաղ թե ուշ կասոցացվի Եվրամիությանը, իսկ 15-20 տարուց էլ ԵՄ անդամ կարող է դառնալ, իսկ այն, ինչ կատարվում է Եվրոմայդանում արդեն չորս շաբաթ, ըստ Լ. Բարսեղյանի, «սարսափելի չէ, քանի որ այն, ինչ չի սպանում, միայն զորացնում է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031