Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում բացվել է Երևանի պուրակ

Դեկտեմբեր 16,2013 17:18

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասի այլևս պաշտոնապես երևանյան անվանակոչված պուրակի հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է երկու մայրաքաղաքների քաղաքապետերին: Երևանի պուրակի ստեղծման նախաձեռնությունը և իրականացումը Թբիլիսիի քաղաքապետարանինն է: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան նշել է, որ հայկական ավանդույթներով հարուստ թաղամասում՝ Հավլաբարում, այսուհետ իր ուրույն տեղը կունենա նաև Երևանի պուրակը: Նա նաև հավելել է, որ Թբիլիսիի քաղաքային իշխանությունն իրականում մեծ սիրով է կյանքի կոչել Երևանի պուրակ ստեղծելու ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ սա ևս մեկ հիմնաքար կավելացնի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը. «Ինձ համար նաև շատ կարևոր է Երևանի քաղաքապետի հետ ունեցած մեր լավ բարեկամությունը, ինչն իր հերթին ևս կարևոր խթան է, որ Թբիլիսին ու Երևանը սերտորեն համագործակցեն: Եվ այս տեսանկյունից ուզում եմ առանձնակի կարևորել նաև այս հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունն ու ջանքերը, ինչն արդեն իսկ վստահություն է ներշնչում, որ երկու մայրաքաղաքների համագործակցության շրջանակներն առաջիկայում անպայման կընդլայնվեն»,- նշել է Գեորգի Ուգուլավան՝ հավելելով, որ Թբիլիսիի քաղաքային իշխանությունն էլ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի Վրաստանի մայրաքաղաքի սրտում ձևավորված նոր պուրակն իսկապես սիրված հանգստի գոտի դառնա բոլորի համար: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Գեորգի Ուգուլավային հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Երևանի և Թբիլիսիի միջև կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Թբիլիսիի քաղաքապետի անձնական ներդրումը: Տարոն Մարգարյանը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանի պուրակն իսկապես սիրված վայր կդառնա ինչպես Թբիլիսիի բնակիչների, այնպես էլ հազարավոր հյուրերի համար. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության մատյանում ևս մեկ նշանակալի էջ է ավելանում: Մեր բարեկամ քաղաք Թբիլիսիի սրտում՝ Վրաստանի բազմազգ մայրաքաղաքի հայկական հայտնի Հավլաբար թաղամասում, Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ բացվեց Երևանի պուրակ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն քաղաքապետ, և ի դեմս Ձեզ, նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդին՝ պուրակի անվանակոչման որոշումը կայացնելու համար: Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր գործընկերային համագործակցության ծրագրերն իսկապես նոր թափ կստանան: Ինչ վերաբերում է Երևանի անվան այս պուրակին, ապա կասկած անգամ չունեմ, որ կարճ ժամանակում այն կդառնա բոլոր թբիլիսցիների ու Թբիլիսիի հազարավոր հյուրերի հանգստի ու ժամանցի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարաններն առաջիկայում կստորագրեն նոր համաձայնագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների միջև առավել սերտ համագործակցություն և, օգտվելով առիթից, առաջարկել է հայ համայնքին ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031