Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործով սնանկացման եզրին կանգնած գործարար. «Եթե ունեցվածքս հետ չտան, աշխարհում ամեն տեղ խայտառակելու եմ»

Դեկտեմբեր 16,2013 17:15

«Ես դիմել եմ բոլոր քայլերին, գնալու եմ մինչև վերջ, մինչև իմ ունեցվածքը պետությունը, կառավարությունը, բանկը ետ չտա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը:

Նշենք, որ գործարարը ՀՀ Վարչական դատարանում դատի է տվել կառավարությանը:

Պարոն Հայրապետյանն ասաց, որ իր համբերության բաժակը լցվել է, ու ինքը գնալու է մինչև վերջ: Այնուհետև շեշտեց. «Կառավարությունը պիտի իմ ունեցածը հետ տա, այնինչ՝ ձեռքերը լվացել, կանգնել է մի կողմ, այն դեպքում, երբ գումարները օֆշորի գոտի են գնացել, այնտեղ Սարգսյանը, Կճոյանն ու Աշոտն են գրանցվել, հետո գումարները հետ են եկել Երևան, բանկից հանել, գնացել ոսկի են գնել»:

Պարոն Հայրապետյանը վրդովված նշեց, թե «մի մարդ տասը ռուբլի գողանում է, տասը տարի դատում են, հիմա տասը միլիոն գողացել, ոսկի են առել, ո՞ւր է գնացել, ոչ ոք չգիտի»:

Փայլակ Հայրապետյանը նշում է, որ «եթե իր ունեցվածքը հետ չտան, աշխարհում ամեն տեղ խայտառակելու է»:

Մեր ճշտող հարցին` կառավարություն ասելով ` մասնավորապես ո՞ւմ նկատի ունի: Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Կառավարություն ասելով նկատի ունեմ վարչապետին, նախարարին, «Ամերիաբանկի» կառավարչին ու նրա տեղակալներին, քանի որ կեղծ բիզնես ծրագիր են կազմել, այդ գումարը բաց թողել, Կենտրոնական բանկը չի հետևել` այդ գումարը ուր է գնացել»:

Տեղեկություններ կան, որ օֆշորի գործով Հայաստանից Կիպրոս մեկնած քննիչների խումբը վերադարձել է Հայաստան: Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեցինք` իրենք լուրեր ունե՞ն, ի՞նչ են պարզել քննիչները: Նա պատասխանեց. «Ինձ քննիչի մոտ են կանչել ու տեղեկացրել, որ ստորագրությունը տվել են ստուգման: Ուրիշ ոչ մի տեղեկություն չունեմ»:

Ամփոփելով՝ պարոն Հայրապետյանն ասաց. «Իմ գնահատականն այն է, որ կառավարությունը պիտի խելքի գա ու անցնի նորմալ աշխատանքի, քանի որ այսպես երկար աշխատել հնարավոր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031