Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիշանի» տնօրեն. «ՀայՌուսգազարդը» ապօրինի գումարներ է գանձում, սրանով պիտի ազգային անվտանգությունը զբաղվի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2013 16:48

 Արդեն տեղեկացրել էինք, որ պահածոների եւ մուրաբաների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ընկերությունը մեղադրում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ սպառած գազի համեմատ ավել գումարներ գանձելու մեջ:

Բանն այն է, ինչպես այսօր «Նոյյան տապան» ակումբում ներկայացրեց «Ալիշանի» սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը, «ՀայՌուսգազարդը» մատակարարած եւ սպառած գազի գործակիցը ավել է հաշվարկել, այդպիսով մոտ երկու անգամ ավելի գումար ստացել:

Պարոն Մոսեսյանի ներկայացմամբ`«Այսինքն, եթե 1000 կուբամետր գազ եմ վառել, 800 կուբամետրի գումար եմ վճարել ու այսպես տարիներ շարունակ»:

Aravot.am-ի հետ զրույցում «Ալիշանի» արտադրամասի պետ Խաչատուր Թադեւոսյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս հայտնաբերեցին, որ «ՀայՌուսգազարդն» ավելի գումար է ներկայացնում՝ ասաց, որ շատ պատահական, մի քանի ամիս առաջ փաստաթղթերը նայելով նկատել է, որ օրինակ` իրենց մատակարարվող գազի բերման գործակիցը պետք է հաշվարկվի 0.98 կամ 1 գործակցով, մինչդեռ «ՀայՌուսգազարդը» հաշվարկել է տարբեր ամիսներին 1-ից ավելի գործակցով` 1.2-ից մինչեւ 1.9:

Իսկ ինչու նախկինում այդ փաստաթղթերը չէին ստուգվում, մեր հարցին, պարոն Թադեւոսյանը պատասխանեց, որ տվյալ աշխատակիցը, որը փաստաթղթերի տակ ստորագրել է, գազի հաշվարկային մեխանիզմին ծանոթ չէ, իսկ ինքը` պարոն Թադեւոսյանը մասնագետ է եւ աշխատել է այդ բնագավառում:

Ըստ պարոն Թադեւոսյանի, դիմել են «ՀայՌուսգազարդին» եւ նշել, որ ավել են հաշվում, ընկերության աշխատակիցները փոխանակ սխալը շտկեն, մի բան էլ գազի ճնշումն են ավելացրել, որպեսզի իրենց նշած թիվն արդարացնեն: Իսկ ավելի ճնշումից «Ալիշանի» կաթսայատունը ուր որ էր պիտի պայթեր, պայթյունը կանխվել է անվտանգության ավտոմատ համակարգի շնորհիվ:

 

Պարոն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «ՀայՌուսգազարդի» գործելաոճը պատահական չէ եւ միայն տեսուչների անօրինականությունը չէ, քանի որ տվյալ փաստաթղթերի տակ ստորագրել է «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը:

«Ալիշան» ընկերությունը մինչեւ դատարան դիմելը՝ օգնության է դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը խոստացել է աջակցել եւ «ՀայՌուսգազարդին» պատասխանատվության ենթարկել:

Ասուլիսին ներկա միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով` «Այս երեւույթը նույնիսկ համահունչ չէ երկու երկրների պայմանավորվածությանը, եւ տված այն ինֆորմացիային, որ գազը չի թանկանա, կամ գինը նույնը կմնա: «ՀայՌուսգազարդը» արհեստականորեն այսպիսի ծախսեր ավելացնելով` գումարներ է տանում ավելորդ, որոնք համարժեք են գազի թանկացման տրամաբանությանը»:

Պարոն Մակարյանի վստահեցմամբ` «Ալիշանը» միակը չէ, որ տուժել է «ՀայՌուսգազարդից», գործատուների միությանը դիմել են մի քանի արտադրողներ, որոնք եւս նման խնդիրներ ունեն «ՀայՌուսգազարդի» հետ:

«Ալիշանի» ներկայացուցիչների պատմելով` բազմիցս են դիմել «ՀայՌուսգազարդին»,որպեսզի վերանայեն հաշվարկման մեխանիզմը, հիմնավորեն ներկայացված ծախսը, սակայն «ՀայՌուսգազարդը» չի ընդունել, որ սխալ հաշվարկ է կատարել: Մինչդեռ «Ալիշանի» տնօրենը պնդում է, որ ինքը 3 տարի շարունակ ամիսը 200-300 հազար դրամ ավել գումար է վճարել «ՀայՌուսգազարդին»` չսպառած գազի դիմաց:

Վերջերս էլ, երբ ընկերությունը հրաժարվել է վճարել ավելի գումար, նրա գազամատակարարումը դադարեցրել են: «Ալիշանի» ղեկավարի խոսքերով` ստիպված վճարում են կատարել 3 միլիոն 600 հազար դրամ, քանի որ, եթե չաշխատեին, ապա ամբողջ հումքը կփչանար եւ արտադրամասը վերջնական կսնանկանար. «Տեղից էլ կրիզիս է, հազիվ ենք աշխատում, մեկ էլ «ՀայՌուսգազարդն է» էսպես բաներ անում»:

«Ալիշանի» տնօրենի պատմելով, ինքը Իրանից է հայրենադարձել եւ իր ուժերով բիզնես ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, սակայն այսպես որ շարունակվի, մտադիր է գործը փակել ու հեռանալ Հայաստանից, եթե երկրի ղեկավարներն այս խնդրին ուշադրություն չդարձնեն եւ «ՀայՌուսգազարդին» կարգի չհրավիրեն:

Պարոն Մոսեսյանը նաեւ ասաց, որ «ՀայՌուսգազարդի» այս խնդիրը ազգային անվտանգության հարց է, քանի որ միայն «Ալիշանը» չէ, որը տուժում է, եթե ուսումնասիրեն, ապա կպարզվի, որ հասարակ բնակիչներն էլ նույն կերպ խաբվում են «ՀայՌուսգազարդից»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031