Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանելով Aravot.am-ի հարցերին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի հետեւանքների, թուրքական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների առնչությամբ՝ ասաց. «Ես, որպես վերլուծաբան, իրավունք չունեմ որպես հիմք վերցնել այն, ինչ Դավութօղլուն կիսվել է թուրքական լրատվամիջոցների հետ, քանի որ նա Երեւանում ասուլիս չի տվել, չի խոսել, իսկ մենք երկրորդական, երրորդական աղբյուրներից չենք կարող օգտվել»:
Սերգեյ Շաքարյանցը գտնում է`այն, ինչ Երեւանում տեղի է ունեցել, Դավութօղլուն փոխանցել է թուրք լրագրողներին, բայց մենք չպետք է փակ աչքերով ընդունենք այն՝ ինչ տպագրվել է թուրքական, կամ ադրբեջանական մամուլում, քանի որ նրանք ներկայացնում են ցանկալին որպես իրականը: Բացի այդ` ըստ Սերգեյ Շաքարյանցի` Թուրքիայում, ինչպես նաեւ Ադրբեջանում, ազատ մամուլ գոյություն չունի.
«Այն, ինչ իմացել ենք նրանց ԶԼՄ-ների միջոցով, մեզ իրավունք չի տալիս մեծ ուրախությամբ ընդունել, կամ ընկալել իբրեւ նորություններ, քանի որ թուրքական արտգործնախարարության հայտարարություններում նման բան չկա»:
Սերգեյ Շաքարյանցը շեշտեց, որ Երեւանում Դավութօղլուից ոչ մի լրագրող, ոչինչ չի լսել ու պրակտիկորեն մեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ բան չի ասել իրենց լրագրողներին. «Եթե ասենք, թե Դավութօղլուն ինչ որ մեսիջով էր եկել Երեւան, ապա պետք է նաեւ շեշտել, որ նա ի պատասխան ստացել է ոչ պակաս մի մեսիջ ու այն իր հետ տարել Անկարա: Ես համոզված եմ, որ հայկական կողմի մեսիջը եղել է ժխտողական, մերժողական եւ թուրքերը կովկասյան ռազմաճակատում հերթական պարտությունն են կրել՝ չկարողանալով անցկացնել իրենց նախաձեռնությունները, փոխզիջումային առաջարկությունները: Այնուամենայնիվ, դա թուրքերի կողմից վերջին փորձն էր, նախաձեռնությունը, ինչ որ խոստումներ կորզելու Հայաստանից: Դավութօղլուն ապարդյուն վերադարձավ Թուրքիա: Բնականաբար թուրքական արտգործնախարարության եւ կառավարության համար այս այցը քայքայիչ էր, քանի որ տարվա կտրվածքով` վերջին խոսող ռազմավարական պարտությունն էր»:
Կարդացեք նաև
Սերգեյ Շաքարյանցը համոզված է, որ Թուրքիան տապալվել է հայ-թուրքական ուղղությամբ ու դա վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական արձանագրություններին, կամ երկխոսության թարմացմանը, դա վերաբերում է նաեւ Արցախի հիմնախնդրին. «Թուրքիան տապալվեց նաեւ Սիրիական հարցում, սա ակնհայտ է ու բոլորը կարող են դա փաստել: Իմանալով, որ Սիրիայում արդեն դեպի թուրքական սահմանը դուրս են եկել հայկական, քրդական եւ սիրիական բանակի ջոկատները: Թուրքիան տապալվեց նաեւ թուրք-քրդական հաշտեցման ծրագրի շրջանակներում, իսկ երեք խոշոր տապալում մեծ տերությունները Թուրքիային չեն ների: Այժմ մենք պետք է սպասենք, որ 2014-2015 թվականների ընթացքում Անկարան երեք պարտությունների գորշ արդյունքները լիովին զգա, իսկ դա, թե ինչպես կդրսեւորվի գերտերությունների կողմից` դեռեւս պարզ չէ, սակայն, հետեւանքներին ականատես կլինենք նաեւ մենք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ