ՀՀ նկարիչների միության նախագահի թեկնածու Կարեն Աղամյանը երկարաշունչ մի տեքստ կարդաց, այդ թվում այս կամ այն դրսի կառույցից ռուսալեզու նամակներ, որոնցով պարտավորվում են օգնել Հայաստանի նկարիչների միությանը:
Ապա նեղսրտեց, որ, օրինակ, Ուկրաինայում նկարիչների միության նախագահը եւ տեղակալները աշխատավարձ են ստանում պետության կողմից, իսկ Հայաստանում՝ ոչ: Մոլդովացիներին էլ օրինակ բերեց, նրանց ամսական եկամուտը հարյուր հազար դոլար է:
Կարեն Աղամյանը հակված էր, որ բաց քվեարկությամբ ընտրեն թեկնածուներին, սակայն դահլիճն ընդդիմացավ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջադրվեց երեք թեկնածու՝ Կարեն Աղամյանը, Ռոբերտ Այվազյանը եւ Արմեն Աթանյանը:
Կարդացեք նաև
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն առաջարկեց, որ միությունը ղեկավարվի համանախագահության սկզբունքով, լինեն երեք կամ հինգ համանախագահ: Առաջարկը ակնհայտորեն դուր չեկավ Կարեն Աղամյանին. «Դե որ էդպես է, եկեք երկրում էլ առաջարկենք մի քանի նախագահ լինի, բուհերն էլ մի քանի ռեկտոր ունենան»: Նաեւ փորձեց հիմնավորել, որ տարբեր ատյաններում իր եւ տեղակալի ստորագրություններն են ներկայացված, այլ ստորագրություն ուժ չի ունենա: Նա պոպուլիստական որակեց Հաղթանակ Շահումյանի առաջարկը:
Նկարիչների միության անդամ Գարիկ Դավթյանն էլ նշեց, թե Հաղթանակ Շահումյանի առաջարկը լավն էր, բայց մաքասիմալիստական, լավ կլինի ուղղակի Նկարիչների միության քարտուղարների լիազորությունները մի քիչ ընդարձակել ու ամեն ինչ տեղը կընկնի: «Դա չի գործի, եթե նախագահն է նշանակում քարտուղարներին, նրանք դառնում են կամակատարներ»,-ընդդիմացավ Հաղթանակ Շահումյանը: Բայց դահլիճի մեծամասնությունը նրա առաջարկը անուշադրության մատնեց:
Հայաստանի նկարիչների միության նախագահի թեկնածու Ռոբերտ Այվազյանը հիշեց, որ անցյալ համագումարին արկղերով օղի էր բերվում բուֆետ, եւ երեւի ոմանց ձեռնտու էր, որ նկարիչները հարբեցող ներկայացվեն: Նրա փաստմամբ, նույնիսկ սեւազգեստ ոստիկաններ եկան նստեցին դահլիճում. «Չեմ կարծում, թե դա պարոն Աղամյանն էր ծրագրել, բայց ինքը պետք է ուշադիր լիներ»:
Մյուս թեկնածուն՝ Արմեն Աթանյանը Կարեն Աղամյանին առաջարկեց իջնել ներքեւ. «Ճիշտը դա է»: «Չեմ իջնի,-ասաց Աղամյանը,-դուք բարձրացեք վերեւ»:
Պարոն Աթանյանը կոմսոմոլատիպ որակեց Հայաստանի նկարիչների միության աշխատաոճը եւ գոյությունը, նաեւ հանդես եկավ մի շարք կառուցողական առաջարկներով՝ Նկարիչների միության արվեստանոցի խնդիրներ, առողջապահական, թոշակի եւ այլն:
Համագումարի աշխատանքները շարունակվում են:
Հավելենք, որ Նկարիչների միությունը հազարից ավելի անդամ ունի, սակայն դահլիճում հազիվ կեսն էր ներկա, չնայած համագումարի մասնակիցների համոզմամբ քվորումն ապահոված էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ