Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական լինելու պատճառով աշխատանքից ազատելու ձայնագրության մասին. «Էդ իմ ձայնը չի»

Դեկտեմբեր 16,2013 15:34

Համացանցում մի ձայնագրություն է տարածվել,  համաձայն որի՝ Արմավիրի մարզպետարանի կրթության, գիտության և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը (լուսանկարում) զրուցելով աշխատանքից հեռացված դպրոցի ուսուցչուհու մոր հետ՝ հաստատում է, որ ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով: Խոսքը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի արդեն նախկին դասվար Հայկանուշ Փիլիպոսյանի մասին է:

Այսօր, Aravot.am-ի հետ զրույցում Գայանե Սայադյանը սույն ձայնագրության մասին ասաց. «Ես հրաժարվում եմ մեկնաբանել, էդ իմ ձայնը չի: Չորս հազար ուսուցչից  մեկն էլ թող այդպիսին լինի: Նման բան չկա, իսկ ձայնագրությունն էլ իրանք իրանցից հորինել ու տարել դրել են»:

Գայանե Սայադյանը նախ հիշեցրեց, որ ուսուցիչներին ընդունում եւ ազատում են դպրոցների տնօրենները, ապա հավելեց. «Իսկ ես այդ երեխային դեռ օգնել եմ»:

Տիկին Սայադյանը պատմեց, որ աղջիկը դեռ առաջին կուրսի ուսանող է եղել, երբ գնացել է իր մոտ, պատմել է իր «ընտանեկան վիճակը, լաց եղավ»: Ինչից հետո, Գայանե Սայադյանը «միանգամից խնդրել» է Գեղակերտի դպրոցի տնօրենին, որ վերջինիս դասվար նշանակի: «Գիտեք, որ այսօր աշակերտների թիվը դպրոցներում բավականին պակասում է, 35+1-ով դասարանը բացվում է, եթե 34, 30 աշակերտ է, այդ դասարանները փակվում են, բնականաբար… ինքը դեռ դիպլոմ չուներ այդ ժամանակ, երբ լուծարվել ա, դասարանը փակվեց՝ հին ուսուցիչը մնաց, ինքը՝ դուրս մնաց: Ու սենց, ես ընկել եմ կրակը: Իմ օգնելն իրան դարձավ ինձ համար չարիք: Օգնեցի, օգնեցի, եկավ հասավ դասարանը փակվելուն, արդեն ես դարձա իրանց համար…կուսակցություն բերեցին մեջտեղ, չգիտեմ ինչ: Չեմ տեսնում իրենց, որ ասեմ՝ ախր էն ժամանակ, որ առաջին կուրսում էիր. ես ո՞նց օգնեցի քեզ, նման բան չկա՞ր: Հենց որ դուրս ես մնում, արդեն դարձավ, որ դու «Բարգավաճ» ես, մենք էլ ՀՀԿ-ական: Մենք այդ ժամանակ կոալիցիա ենք եղել, ես ՀՀԿ-ական եմ, ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ես պիտի իմ կուսակցական պատկանելության հետ կապված այլոց հետ խնդիր ունենամ: Նման բան չկա, սիրելիս»,- ասաց մեր զրուցակիցը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ այս առիթով մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ կուսակցական պատկանելության պատճառով ԲՀԿ-ականներին առհասարակ աշխատանքից ազատելուն եւ ճնշումներին՝ հավելելով, որ եթե հիմա ասի, որ նման բան կա՝ միանգամից «հակառակ կողմի կամ շահագրգիռ կենտրոնների ուղղորդմամբ», իրենից միանգամից փաստեր կպահանջեն: «Բայց բոլորն էլ շատ լավ տեղյակ են, հասկանում են եւ մեր կուսակցական ընկերները, ովքեր տուժում են, նրանք, ովքեր կողքից նայում են, ձայն չեն հանում ու որեւէ գործողություն չեն իրականացնում իրենց գործընկերներին պաշտպանելու համար եւ նրանք, ովքեր ճնշումներն իրականացնում են: Բնականաբար, բոլորը գիտեն, որ այդ ամենն արվում է առանց հետքեր թողնելու, առանց իրավական հարթության համար գործածելի փաստեր ապահովելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հիշելով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հայտնի հարցը:

Ասաց, որ առողջապահական հիմնարկներում, վարչական շրջաններում էլ բազմաթիվ դեպքեր եղան, որոնց հետ պարզապես չերկարաձգվեցին աշխատանքային պայմանագրերը, կամ կրճատումների տակ ընկան եւ այլն:

Կոնկրետ դեպքի հետ կապված, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ կա ձայնագրություն, հետեւաբար հարցը մնում է իրավապահ մարմինների տիրույթում: Իսկ ընդհանրապես, երկրի այս ծանրագույն սոցիալական վիճակում, առանց այն էլ գործազրկության պայմաններում, նման գործելաոճը նա համարում է ոչ ավել, ոչ պակաս՝ հակապետական:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ցավալի է,երբ նման լուրջ պաշտոն զբաղեցնող կինը,կարող է իր խոսքի մեջ այսքան սխալներ թույլ տալ:Հարգելի’ տիկին Սայադյան,սիրելի’ տիկին Սայադյան,ես 1-ին կուրսում եմ եղել 2003թվականին:2005 թվականին ,փոխադրվելով 3-րդ կուրս,մեկնել եմ արտերկիր:2009 թվականին վերականգնել եմ ուսում ստանալու իմ իրավունքը և ,լինելով հեռակա Ֆակուլտետի ուսանողուհի,ունենալով գերազանց առաջադիմություն, համալսարանի բնութագրով և տեղեկանքով եկել եմ Ձեզ մոտ աշխատանք խնդրելու:Սկզբից աշխատել եմ,որպես երկարօրյա մանկավարժ,նոր հետո միայն ,երբ 4-րդ կուրսի ուսանողուհի էի,համագյուղացիներիս խնդրանքով նշանակեցիք ինձ 1-ին դասարաններից մեկում,որպես դասվար:Իսկ ինչ վերաբերվում է Ձեր ձայնին, այն գրեթե փոխված չէ:Բոլոր լսողներն,ովքեր Ձեզ ճանաչում են, կփաստեն այդ մասին:Այո,գուցե իմ կուսակցական պատկանելությունն այդքան էլ էական նշանակություն չունենար Ձեզ համար,եթե միայն 2011թ-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր համայնքում ԲՀԿ-ն լիարժեք ու արդարացի հաղթանակ չտաներ ու ես չլինեի վստահված անձ,չպահպանեի մեր ժողովրդի արդար ընտրությունը,կամ, ինչպես Դուք եք անընդհատ սիրում կրկնել,եթե ՁԵՐ ԳԼԽԻ ՎՐԱՅՈՎ ՉԱՆՑՆԵԻ: Բայց, եթե այս ամենին նայենք իմ տեսանկյունից, ապա կուսակցական պատկանելությունն երբեք չի կարող պատճառ հանդիսանալ,որ որակյալ մասնագետին, իր կոչման մեջ նվիրյալ մարդուն,միայնակ մորը, և վերջապես ՀՀ քաղաքացուն աշխատանքից ազատեն`հասցնելով բարոյական, նյութական և ֆիզիկական վնաս:Ինչպես ժողովուրդն է ասում.մենք բախտակիցներ ենք.Աստված պահի Ձեր զավակին`չնայած,որ իմ զավակին թողեցիք կարիքի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031