Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը անգամ աֆրիկյան երկրներից է հետ մնում

Դեկտեմբեր 16,2013 14:22

«Հայաստանն օրինավորության տեսանկյունից բարվոք վիճակում չէ: Խնդիրներ կան քաղաքական համակարգում, մշակութային, տնտեսական դաշտում»,-այսօր հրավիրված «Օրինավորության ազգային համակարգը և հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ ՀՀ-ում քաղաքական և տնտեսական ոլորտներում կա մրցակցության պակաս ու շարունակեց. «Մրցակցային չեն այդ ոլորտները, մենաշնորհի առկայությունը թուլացնում է համակարգը: Հաշվետվողականության խնդիրը շարունակում է գոյություն ունենալ, կա օրենքի գերակայության անբավարար մակարդակ, անպատժելիության մթնոլորտ, հասարակության մեջ իրավագիտակցության ցածր մակարդակ: Հասարակության շրջանում կա կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականություն»:

Այս առիթով պարոն Հոկտանյանը հիշատակեց կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներն ու ասաց. «Այդ տվյալներն ինձ համար ցնցող են, որտեղ Հայաստանը վերջին հորիզոնականում է: Աֆրիկյան երկրներից էլ ենք հետ մնում, վերջին տեղում ենք»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո՞վ է այս իրավիճակի թիվ 1 պատասխանատուն: Պարոն Հոկտոնյանը պատասխանեց. «Տարբեր խոսակցությունների հիման վրա եզրակացություն անել չեմ կարող: Դա պայմանավորված է տնտեսական, քաղաքական իրավիճակով, դա նաև մշակութային, պատմական խորը արմատներ ունեցող երևույթ է: Այստեղ բոլորի պատասխանատվությունը կա: Կարող ենք ասել, իսկ ինչո՞ւ ներքևները չեն ստիպում վերևներին փոխվել ու միայն չասել, թե վերևներն են պատասխանատու»: Այս առիթով պարոն Հոկտանյանը հիշեց «бей жидов, спасай Россию» ասացվածքը:Այնուհետև Վարուժան Հոկտանյանը նշեց. «Իհարկե լավ կլիներ, որ հասարակությունը ՀՔԾ-ի գործունեությանն ավելի տեղյակ լիներ ու գործընթացն ավելի մասնակցային լիներ: Առայժմ չեմ նկատում որևէ ջանք վերևների և ներքևների համագործակցության առումով, դա առաջին հերթին վերևների քաղաքական բացակայության պատճառով է, ինչպես նաև ներքևից էլ հանդուրժողականության պակաս կա»:
Այնուհետև ԹԻՀԿ հ/կ փորձագետ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են տարբեր երկրներում գործում այսօրինակ մարմինները: Նշենք, որ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին ունենալը ՀՀ-ի համար միջազգային պարտավորություն է:

Քննարկմանը ներկա էր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ են հուշում իրենց ուսումնասիրությունները՝ կոռուպցիայի և օրինավորության հարցում ի՞նչ վիճակում է Հայաստանը: Պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք օրենսդրական բավականին լավ դաշտ, բայց հիսուն տոկոսից ավելի դեպքերում խնդիրը օրենքի չկիրառման, վերահսկողության բացակայության մեջ է: Մենք մեր սակավ լիազորություններով փորձում ենք վերահսկել»: Մեր հարցին՝ ի՞նչ նկատի ունի սակավ լիազորություններ, այս խնդիրներից շատերը առաջացել են դեռ այն տարիներին, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր, պարոն Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «ԱԺ պատգամավորին լիազորությունները սակավ են կառավարության լիազորությունների համեմատ: Ինչ վերաբերում է կոալիցիայի մեջ նախկինում լինելու հարցին, ապա ԲՀԿ-ն դրա համար էլ բազմիցս հայտարարել է, որ վիճակը ձեռնտու չի եղել, հենց դրա համար էլ դուրս է եկել, այնուհետև չի կազմել համատեղ կառավարման ձևաչափ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031