«ՀայՌուսգազարդը» «Ալիշան» ընկերությունում արհեստականորեն գազի մատակարարման բերման գործակիցն ավելացնում է, ըստ այդմ էլ ավելի գումար գանձում: Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում ասաց «Ալիշան» ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը: Նրա խոսքերով՝ «ՀայՌուսգազարդի»՝ ավելի ճնշմամբ գազ տրամադրելու հետեւանքով «Ալիշան» ընկերության կաթսայատներից մեկը պայթյունավտանգ վիճակում է հայտնվել, եւ եթե չլիներ ավտոմատ անվտանգության համակարգը, պայթունն անխուսափելի էր: Իսկ ավելի ճնշում «ՀայՌուսգազարդը» տվել է, որպեսզի արդարացնի գազի գործակիցը: Ընդ որում, ընկերության «ՀայՌուսգազարդին» գրավոր դիմելը՝ վերանայել թե գանձվող գումարը եւ թե մատակարարվող գազի ճնշման գործակիցը, անարդյունք են մնացել:
«Ալիշան» ընկերության սեփականատիրոջ ներկայացմամբ երեք տարվա ընթացքում ընկերությունը հարյուր հազար կուբամետր չօգտագործած գազի դիմաց վճարում է կատարել: Եթե այսպես շարունակվի, ինչպես վստահեցրեց «Ալիշանի» սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը՝ կամ կփակի ընկերությունը, կամ հեռանա Հայաստանից. «Այս ձեւ էլ հնարավոր չէ աշխատել, սնանկացնում են գործարանը»:
Պարոն Մոսեսյանի խոսքերով՝ «Մի քանի անգամ ասել ենք՝ վերանայեք եւ հիմնավորեք այս գումարները, ասել ենք՝ չենք վճարելու, մինչեւ չհիմնավորենք: Բայց եթե չենք վճարում, գազը անջատում են: Եթե անջատի, հումքը կփչանա: 3 միլիոն 600 հազարը նոր ենք վճարել, իրենց կողմից ավելի գործակցով հաշվարկելու պատճառով: Բանակի հետ պայմանագիր ունեմ՝ սնունդ պիտի մատակարարեմ»:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը եւս հրավիրված է եղել ասուլիսին, սակայն մամուլի ծառայությունից հրաժարվել են մասնակցել, պատճառաբանելով՝ մենք կնայենք, թե լրատվամիջոցներն ինչ են գրել, հետո պարզաբանում կտանք:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ