Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրին, «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի շաբաթ օրը կայացած նիստին մասնակցել են նաեւ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները: Տիկին Ռիման տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջազգային այս կազմակերպության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ տեղեկացրել է, որ հայկական կողմը հասնելու է նրան, որ մեր զինվորը վերադառնա հայրենիք:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Հակոբ Ինջիղուլյանը գրել էր, թե ինքը ցանկանում է երրորդ երկիր գնալ եւ չի ցանկանում Հայաստան վերադառնալ: Հայկական կողմը պնդում է, որ դա ճնշման ներքո է եղել:
Ճշտվում են անհայտ կորած իննսուն այն մարդկանց ճակատագրերը, ովքեր հայկական կողմից անհայտ կորած չորս հարյուր հոգուց արդեն գտնվել են եւ հանձնվել «Կարմիր խաչին»: Թե ո՞ւմ բախտը կժպտա, առայժմ դժվար է ասել, սակայն անակնկալներ կլինեն`վստահ են անհայտ կորածների մայրերը:
Անհայտ կորածի մայր Սամարա Գրիգորյանն էլ հակադարձելով լրագրողների այն հարցերին, թե հատկապես ի՞նչ գործնական քայլեր է անում կազմակերպությունն անհայտ կորածներին գտնելու եւ Հայաստան վերադարձնելու հարցում, ասաց. «Եթե Ադրբեջանը դռները չբացի, սիրտը չբացի հայի նման, մենք ոչ միայն Հակոբ Ինջիղուլյանին, այլ մեր որեւէ տղայի չենք վերադարձնի: Ամեն ինչ կախված է Ադրբեջանից»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ