Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» ժողովածուն

Դեկտեմբեր 16,2013 13:17

Համազգային մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ժողովածուն, որը ներառում է 2013թ. ապրիլի 5-ին և 6-ին ԵՊՀ-ում և Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած գիտաժողովի նյութերը։ 

Երկօրյա գիտաժողովը, որը նախաձեռնել էին <<Համազգայինը>>, ԵՊՀ-ն ու Գրողների միությունը, նպատակ ուներ համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով արժևորելու հայ արձակը, անդրադառնալու նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին։

Ժողովածուն ամփոփում է Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող քսան գրաքննադատների՝ Անուշ Աբելյանի, Արքմենիկ Նիկողոսյանի, Հայկ Համբարձումյանի, Դիանա Համբարձումյանի, Լևոն Մութաֆյանի, Վահրամ Դանիելյանի, Ալիս Հովհաննիսյանի, Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանի, Իշխան Չիֆթճեանի(Գերմանիա), Անի Փաշայանի, Արմեն Ավանեսյանի, Կարինե Հարությունյանի, Սաթենիկ Ավետիսյանի, Սուրեն Դանիելյանի, Սիրանուշ Դվոյանի, Թադևոս Խաչատրյանի, Անահիտ Հակոբյանի, Յակոբ Պալեանի(Ֆրանսիա), Անի Փաշայանի, Ժենյա Քալանթարյանի ուսումնասիրությունները, որոնք անդրադառնում են ժամանակակից հայ արձակի քննադատությանը, դրա հերոսներին, վտանգված ինքնության հիմնախնդիրներին, հետանկախացման շրջանի հայ արձակի որոշ ֆենոմենների, համակողմանիորեն վերլուծում Աղասի Այվազյանի, Նորայր Ադալյանի, Գուրգեն Խանջյանի, Լևոն Խեչոյանի արձակը, անդրադառնում նաև սփյուռքահայ արձակի խնդիրներին և փիլիսոփայական ուղղություններին։ Այս քսան զեկույցներն, անշուշտ, մերօրյա հայ արձակի ողջ պատկերն ու նրա գրականագիտական համընդգրկուն քննությունը ներկայացնելու հավակնություն չունեն, բայց վստահաբար, անդրադառնում են նորագույն շրջանի հայ արձակի ընթացքին, նրա գեղարվեստական ու բովանդակային հարցադրումներին, ներժանրային առանձնահատկություններին ու բազմազանությանը և առհասարակ, նրա գեղարվեստական ձևի փնտրտուքին ու որոնումներին։

Ժողովածուն կազմել և խմբագրել է Լիլիթ Գալստյանը, տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում:
Վստահաբար, ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրների քննությունը ներկայացնող այս գիրքն արժեքավոր է ոչ միայն բանասիրական ամենալայն շրջանակների համար, այլ նաև հայ գրականության ընթացքով հետաքրքրված ընթերցողների։

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ  ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ  ԵՎ  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031