ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:
Նշենք, որ նույն միջադեպի առնչությամբ galatv-ին հաղորդել է, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
ՀՀ ՊՆ-ն սակայն հերքում է տեղեկությունը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է. ««Դա չի համապատասխանում իրականությանը: Մանրամասներ չեմ կարող ձեզ հաղորդել, որովհետեւ ինչ- որ մի միջադեպ չէ, որ արժե չգիտեմ ինչ սարքել: Միջադեպ է տեղի ունեցել, կոլեկտիվ է, կոլեկտիվի մեջ ինչ -որ բաներ կարող է եղած լինել, ինչը չեմ կարծում` որեւէ կոլեկտիվում եղած չլինի: Գիտենք, որ այդ հարցում զբաղվում են համապատասխան մարմինները, այլեւս մեկնաբանության կարիք չկա: Նման բան տեղի չի ունեցել՝ ինչպես ներկայացված էր»:
Կարեն Արիստակեսյանի լուսանկարը՝ https://www.rafaelisraelyan.com-ից