Լրահոս
Օրվա լրահոսը

Աղամյանը հիշեց, որ կանչվել էր «6-րդ» վարչություն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2013 12:25

Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը համագումարը վարողներ ակնկալեց: «Դուք էլ վարեք»,-հնչեց դահլիճից: Սակայն նա Սամվել Սեւադային, Գագիկ Ավետիսյանին առաջարկեց:

Կարեն Աղամյանը կարդաց կյանքից հեռացած արվեստագետների ցուցակը, ՀՀ նախագահի ուղերձը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը տոն որակեց համագումարը: «Վերջերս գիտենք, թե ինչ մեծ հարձակումներ են գնում միությունների դեմ: Մեկ-մեկ ինքս էլ մտածում եմ՝ միությունները պե՞տք են թե՞ ոչ: Միգուցե Ստալինը ստեղծել է, բայց միությունները գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Միությունը մեր ընտանիքն է, որ ունի հայր, մայր, զավակներ: Հատկապես օտար ուժերի կողմից արշավ է գնում քանդել ընտանիքները, օրինակ` աղջիկն ասում է՝ ուզում եմ գնամ գիշերը երկուսին գամ, տղան ասում է՝ ես ուզում եմ որոշել իմ սեռը: Ես կարծում եմ, որ մեր հայ ընտանիքը, այդ թվում՝ միությունները պետք է պահպանել: Քանի որ այսօր դեմոկրատիա է, այսօր չեն ասում ընտրիր այս մարդուն, կուզենանք ընտանիքի պապան լինի լուրջ մարդ՝ իրեն կընտրեք, կուզենաք պապան լինի խմող ալկոհոլիկ՝ էլի դուք եք ընտրողը:

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ կազմով ինքնատիպ եւ բովանդակությամբ հետաքրքիր որակեց նկարիչների միությունը

Կարեն Աղամյանը զեկուցմամբ հանդես եկավ, որն ավելի շատ քննադատություն էր իր մասին բացասաբար արտահայտվածների հասցեին, քան արված աշխատանքի ներկայացում: Նա ասաց, որ պատրաստ է լսել սուր քննադատություններ՝ իր հավանական վրիպումների մասին:

Միության նախագահը փաստեց, որ իր նախորդ ծրագրում առկա որոշ ցանկություններ չեն իրականացվել. «Այժմ ավելի փորձառու եմ, որովհետեւ դաժան իրականությունը բացել է իմ աչքերը»:

Կարեն Աղամյանը հավելեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող իրենց շենքն աչք է ծակում. «690 անգամ բարձրացվել է նկարիչների միության գույքահարկը, մինչդեռ, օրինակ ՆՓԱԿ-ից գույքահարկ չեն պահանջում, նույնիսկ շենք են նվիրել»:

Նա հատվածներ կարդաց մամուլի հրապարակումներից, որոնցում նշված էր, թե Աղամյանն ու միությունը հեղինակազրկվել են. «Մի տեղ էլ կարդացի, որ տարեկան ութ հարյուր-հազար դոլար ենք ստանում պետությունից: Նման բան չկա ընկերներ»: Նկարիչների միության նախագահը քննադատողներին ազգի թշնամիներ որակեց, քննադատության մի լուրջ բաժին էլ ԶԼՄ-ներին ուղղեց: Նաեւ հիշեց, որ անգամ 2009-ին իր խոսքով մեկի զրպարտանքի պատճառով, իրեն մեկ շաբաթ կանչել են «6-րդ» վարչություն: «ՀՀ Անկախության տարիներին կառուցվել է ընդամենը երկու մշակութային նշանակության շենք, մեկը Մատենադարանի կցորդն է, մյուսը՝ մեր նոր ցուցասրահները՝ ի հակառակ բազմաթիվ կազինոների ու գիշերային ակումբների: Սրանով, կարծում եմ, կարող ենք հպարտանալ»:

Նա ասաց, որ երեկվա դրությամբ իրեն զանգել ու ասել են, թե ինչքանո՞վ է վաճառվում Նկարիչների միության Շորժայի տունը, եւ միտում տեսավ նման լուրեր տարածելու մեջ:

«Վերջին տարիներին մեր միության հեղինակությունը բարձրացել է, անգամ երկրից դուրս, ունենք օտարազգի պատվավոր անդամներ, Ռումինիայից, Իրանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, ունենք բազմաթիվ օտարազգի անդամներ»,-նշեց գործող նախագահը: «Նողկալի գործ է միությունները ներսից քանդելը: Վերջերս ստեղծված մի նոր միության ղեկավար սաստկացրել է մեր դեմ ուղղված հերյուրանքները»,-հիշեց նա:

Կարեն Աղամյանն ասաց, որ իր զեկույցը կարող էր հիմնված լինել ցուցահանդեսների եւ արված գործերի մասին փաստերով, բայց դրանք, ըստ նրա, անդամներին բաժանված թղթապանակներում են:

Հարցեր հնչեցին՝ ուղղված Կարեն Աղամյանին: Մի հարցը վերաբերում էր նկարիչների միության Շորժայի եւ Ծաղկաձորի տներին:

Աղամյանն ասաց, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի անց Շորժան կկորցնեն, իսկ Ծաղկաձորի տունը իրեն հազիվ է պահում:

«Լսել ենք, որ Մոսկվայից բնակարաններ են բաժանվում նկարիչների միության անդամներին»: Այս հարցը փռթկոց առաջացրեց դահլիճում:

«Արդյոք հնարավոր չէ՞ր լուծել պետպատվերի խնդիրը» հարցը մնաց անպատասխան: Մի հարց էլ վերաբերվում էր միության վարչության կազմում երիտասարդներ ընդգրկելուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031