Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեզ պակասում է բալանսը

Դեկտեմբեր 16,2013 12:09

Սեպտեմբերի 3-ից հետո Հանրապետական կուսակցությունը «մաքսայնացվեց»: Դա, իհարկե, լավ չէ. երեքուկես տարի մարդիկ մի բան էին ասում, իսկ հիմա՝ ճիշտ հակառակը: Բայց ավելի վատ է, որ դրան զուգահեռ «մաքսայնացվեցին» մի շարք կուսակցություններ, «եվրոպամետ» հ/կ-ներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ եւ այլն: Այսինքն՝ վերնախավում գրեթե չկան ուժեր կամ խմբեր, որոնց ուղղվածությունը, ոչ, հակառուսական չէ՝ եթե լինեին հակառուսական գործիչներ, ապա նրանց այլ կերպ, քան «լուսանցքային արկածախնդիրներ», դժվար կլիներ անվանել: Մենք կարիք ունենք վերնախավի մի մասի, որը կզգար աշխարհի զարգացման միտումները (որոնցից, ի վերջո, չի կարողանա խուսափել նաեւ Ռուսաստանը), եւ որը տուրք չէր տա իշխանության եւ պահպանողական մեծամասնության տրամադրություններին: Դա կլիներ բալանս, որը մեզանում այս պահիս բացակայում է:

Հայաստանում ընդունված է, որ ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը: Եթե դա կայուն ավանդույթ է, ապա թերեւս թող պահպանվի: Միայն թե հստակ ձեւակերպվի, թե ինչի համար է այդ հրաժարականի պահանջը դրվում: Որպեսզի իրենք ավելի լա՞վ պահեն ֆորպոստը, քան դա իշխանությունն է անում: Թե՞ որպեսզի Հայաստանը ֆորպոստ չլինի, կրկին պետություն դառնա եւ, պահպանելով ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկրի ներսում ստեղծի նոր՝ ժամանակակից մարտահրավերներին համապատասխանող քաղաքական, իրավական եւ տնտեսական համակարգ: Գող-ավազակների, թալանչիների մասին խոսակցությունները (որոնք մեծամասնությանը, ըստ ամենայնի, դուր են գալիս), որքան էլ ճիշտ լինեն, անդրադառնում են ոչ թե պատճառներին, այլ հետեւանքներին եւ ամենակարեւորը՝ իրական երկրորդ բեւեռ չեն ձեւավորում: Իսկ առանց երկրորդ, թեկուզ ավելի թույլ, թեկուզ փոքրամասնության տրամադրությունների վրա հիմնված բեւեռի՝ հնարավոր չէ հասնել անհրաժեշտ հավասարակշռությանը:

90-ականներին քաղաքական ուժերը խոսում էին գաղափարների մասին. նշվում էր, օրինակ, որ ՀՀՇ-ի «վայրի լիբերալիզմի կործանարար քաղաքականությանը»: (Չնայած այդ կուսակցության «ռազմականացված թեւը»՝ երկրապահը, ճիշտ է, վայրի էր, բայց ամենեւին ոչ լիբերալ): Հիմա գաղափարների մասին ոչ ոք չի խոսում՝ «մովետոն» է համարվում: Նույնիսկ Հանրապետականն է դադարել ասել, որ նա ազգային պահպանողական է՝ հավանաբար, հասկանալով, որ դա ավելի շուտ կընկալվի որպես հումոր: Ներկայիս վարչապետն էլ այլեւս չի խոսում «բարեշրջությունների» մասին, պետք է ենթադրել՝ նույն պատճառով:

Բայց ընդդիմադիրները նույնպես, գտնվելով իշխանության հետ, ինչպես տեսանք, նույն աշխարհաքաղաքական բեւեռում, խոսափում են խոսել գաղափարախոսությունների մասին: Նրանք էլ են, ի վերջո, «պահպանողական»՝ այն իմաստով, որ մնում են մեծամասնության պարադիգմայի մեջ. «վայ, ես դրանց տերը թաղեմ, սաղ թալանել են, ես որ իրանց տեղը լինեի՝ ավելի քիչ կթալանեի, ժողովրդի մասին էլ կմտածեի»:

Ընդդիմադիր հատվածում երբեմն հնչում են հեղափոխական կոչեր՝ «գնանք, Բ-26-ը գրավենք», բայց չեն հնչում հեղափոխական գաղափարներ՝ ինչպես արդիականացնել հոգեւոր, քաղաքական եւ տնտեսական լճացման մեջ գտնվող երկիրը: Իսկ մինչեւ որ դրանք չլինեն, մենք մնալու ենք տեղում: Ժամանակակից աշխարհում մնալ տեղում՝ նշանակում է հետ գնալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    “…Ժամանակակից աշխարհում մնալ տեղում՝ նշանակում է հետ գնալ:” ԵՎ քանի որ մենք հետ գնալու տեղ չունենք՝ նշանակում է – վերանալ:

  2. Garry says:

    ,,Այսինքն՝ վերնախավում գրեթե չկան ուժեր կամ խմբեր, որոնց ուղղվածությունը, ոչ, հակառուսական չէ՝ եթե լինեին հակառուսական գործիչներ, ապա նրանց այլ կերպ, քան «լուսանցքային արկածախնդիրներ», դժվար կլիներ անվանել:” Արամ ջան, այս նախադասությունն ինձ հասկանալի չէ, եթե դժվար չի պարզաբանիր… միգուցե ինչ որ կետադրականի խնդիր կա, որ չի թողնում ճիշտ հասկանալ: Ըստ իս, հոդվածը շատ լավն է, վերլուծական մասով էլ հրաձիգը կասեր` ,,попал в контрольную десятку”. Այո, քաղաքական դաշտում բալանսի պակաս կա: Իմ կարծիքով, լիբերալիզմի և պահպանողականության կիրառման նպատակահարմարությունը կախված է երկրի զարգացման աստիճանից: Մեր նման երկրներին առաջին հերթին հենց լիբերալիզմն է պետք, իսկ զարգացած երկրներին չէր խանգառի մի քիչ ազգային պահպանողականությունը: Այնպես որ բալանսի համար, իհարկե, մեզ պետք են հստակ ծրագրերով լիբերալ գործիչներ ու ամենակարևորն է` կուսակցություն, որ կարողանա լիբերալիզմը մատուցի ժողովրդին այնպես, որ այն չթվա ,,վայրենի” և միաժամանակ, կարողանա իր սոցիալական մասի ,,փաթեթով” մրցակցել խորհրդային ,,ностальгиа” հետ: Առանց այդ ուժի, մենք դեռ շատ երկար կմնանք որպես երկիր, ուր քաղաքական դաշտը ,,բալանսիրովկայից ընկած է”: Իսկ դա ինչ է նշանակում, գիտի յուրաքանչյուր մեքենա վարող: Ամեն վայրկյան վտանգը մեզ կարող է դարանակալել ճանապարհի ցանկացած մասում: Դե, պարոնայք լիբերալիզմի գործիչներ, ձեր հերթը եկել է, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք, որ երկիրը մեր վայելենք` մենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031