Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ոստիկանությունը կատարում է կրիմինալ օլիգարխիայի հանձնարարությունը»

Դեկտեմբեր 16,2013 11:58

«Սա ոստիկանության, ավելի ճիշտը՝ իշխանության , նոր ռազմավարությունն է ակտիվ քաղաքացիների դեմ: Ի վերջո` մենք ենք վճարում մեզ դատարաններ քարշ տվողների աշխատավարձը. իրենց ի՞նչ եղել որ»,-Aravot.am-ի հարցին` ինչպիսի՞ գնահատական կտա այն փաստին, որ, ինչպես ինքն է նշել, ստիպված է օրը երկու դատական գործի մասնակցել, այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Շարունակելով՝ մեր զրուցակիցը նկատեց. «Մենք վճարում ենք ե՛ւ նրանց , և՛ մեր հատկացրած ժամանակի համար: Այնպես, ինչպես մեկ այլ վարչական գործով 18 ամիս քարշ տվեցին եւ վերջում առանց պատճառաբանության ոստիկանությունը հետ վերցրեց իր հայցը»:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մի առիթով հայտնել էր, թե իր մոտ սկսել են ի հայտ գալ այնպիսի օրեր, որ օրը 2 դատի է լինում:

Վահե Ավետյանի սպանության դեպքի կապակցությամբ Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում բողոքի ակցիաների առիթով բերման էր ենթարկվել նաև Վարդգես Գասպարին: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը Վարդգես Գասպարիից պահանջում է բռնագանձել 30 000 դրամ տուգանք:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ ընթացք է ստացել այդ գործը, քանի որ Վարգես Գասպարին այդ պահանջը անհիմն է համարում: Նա տեղեկացրեց, որ գործը դեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին կքննվի Վարչական դատարանում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ևս Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց: Այս անգամ բերման ենթարկվելիս նա մարմնական վնասվածքներ էր ստացել : Նա այս առիթով խնդրել էր դատաբժշկի ուղեգրի, բերման ենթարկելու և կազմված փաստաթղթերի լուսապատճենները: Հետաքրքրվեցինք` ստացե՞լ է իր պահանջած փաստաթղթերը: Վարդգես Գասպարին պատասխանեց. «Ոչ մի պատասխան: Դատաբժշկական ուղեգիր ստանալու համար հրավիրել էին ոստիկանության , դա տվեցին, բայց փաստաթղթերի պատճեները չտվեցին: Բացատրություն տալուց հրաժարվեցի՝ նշելով , որ ողջ իրավապահ համակարգը միեւնույն հանցագործ համակարգի տարբեր մարմիններն են, եւ չեմ ցանկանում մասնակցել այդ խեղկատակությանը»:

Վարդգես Գասպարին Վարչական դատարանում Վահե Ավետյանի սպանության գործով հրավիրված դատական նիստում կարծիք էր հայտնել, թե «ոստիկանությունը աշխատում է ընդդեմ հասարակության և հօգուտ կրիմինալ կարգերի»:

Հարցին` ի՞նչ հիմքեր ունի նման կարծիք հայտնելու, պարոն Գասպարին պատասխանեց. «Ոստիկանության գործունեությունն ընդհանրապես, այդ թվում ս/թ հուլիսի 4-ին «Հարսնաքարի» մոտ Վ. Ավետյանի սպանության դեմ բողոքի ակցիայի կանխումը մի քանի տասնյակ ոստիկանների միջոցով, ի սկզբանե ուղղված է ընդդեմ քաղաքացիական հասարակության և ի շահ կրիմինալ կարգերի ամրապնդման: Ընդ որում, դատարան ներկայացված ոստիկանության այս հայցադիմումը հանդիսանում է այն հանձնարարականի շարունակությունը, որը ստացել է ոստիկանությունը օլիգարխ Ռ. Հայրապետյանից ՝ ի դեմս Հ. Զոհրաբյանի: Ոստիկանությունը, լինելով հանցագործ աշխարհի անթաքույց ներկայացուցիչը Հայաստանի կառավարման համակարգում, ներկայացնելով ի սկզբանե անհիմն , անհեթեթ հայցադիմումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, փորձելով վատնել ակտիվ քաղաքացիների օգտակար ժամանակը և էներգիան, կատարում է կրիմինալ օլիգարխիայի հանձնարարությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. Epress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031