Քիչ առաջ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը: Մինչ այդ գործող նախագահ Կարեն Աղամյանը, որ միության ղեկավարն է արդեն 15 տարի, լրագրողների հետ զրույցում ասաց, թե կներկայացնի իր ծրագրերը, որոնցում ներառված են նկարիչների միության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ եթե այդ ամենն արժանանա համագումարի հավանությանը, ինքը կշարունակի աշխատել, եթե ոչ, մարդիկ չուզենան, մեկ ուրիշը կփոխարինի իրեն:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք իր ծրագրում կա՞ նկարիչներին մտահոգող այն կետը, որ ստեղծագործական միությանն անդամակցությունն աշխատանքային ստաժ համարվի: Պարոն Աղամյանը դրական պատասխանեց, ապա հավելեց, որ Ստեղծագործական միությունների մասին օրենքի անկատարությունն իրոք լուրջ խնդիրներ է առաջացնում: Նաեւ վկայակոչեց Էստոնիան, որտեղ անգամ Նկարիչների միության մասին առանձին օրենք կա:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի այսօրվա համագումարի առիթով. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես բոլոր ստեղծագործական միություններում այսպես շարունակվել չի կարող, որովհետեւ ստեղծագործական միությունները չեն կարող հասարակական կազմակերպությունների կարգավիճակում լինել: Մշակութային միությունները պետության դեմքն են: Ստեղծագործական միություններն են փաստում, թե ինչպիսին է երկիրը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ