Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գեորգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի «Glass Work Georgia» ապակու գործարան: Երկու քաղաքապետերին ներկայացնելով գործարանի աշխատանքային բնույթն ու ծավալը, գործարանի տնօրենն ընդգծել է, որ գործարանն այսօր հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում շուկայում ներկայանալ բարձրորակ արտադրանքով ու առաջարկել արտադրանքի լայն տեսականի:
Տարոն Մարգարյանն ու Գեորգի Ուգուլավան շրջել են գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրության ընթացքին ու աշխատանքային պայմաններին:
Քաղաքապետերի գործարան կատարած այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Գեորգի Ուգուլավան հաղորդել է, որ այս գործարանն իր ուրույն լուման է բերում տնտեսության զարգացման հարցում, այդ թվում նաև շուրջ 100 աշխատատեղ ապահովելով քաղաքացիների համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, լրագրողների խնդրանքով, ներկայացրել է երկու քաղաքների համագործակցության շրջանակում գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ Երևանն այսօր բաց է ներդրումային առաջարկների քննարկման և կյանքի կոչման համար, ու հավելել, որ երկու քաղաքների համագործակցության ընդլայնման շրջանակում կքննարկվեն նաև Երևանի և Թբիլիսիի գործարարների միջև փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Տարոն Մարգարյանը նաև հույս է հայտնել, որ երկուստեք ձեռնարկվող հստակ քայլերի արդյունքում հնարավոր կլինի այդ մասով ևս գրանցել շատ որոշակի հաջողություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն