Pastinfo.am. Տարբեր կառույցների քննիչներին մեկ մարմնում միավորող Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա կիրառել ստանդարտացված կանոններ, գործընթացներ, դասընթացներ և մեթոդներ՝ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Այսպիսին է Հայաստանի Հանրապետության Եվրոմիության Խորհրդատվական խմբի անդամ, դատաիրավական բարեփոխումների քաղաքական խորհրդական Դոկտոր Չարլս Է.Էրլիչի տեսակետը: Միացյալ քննչական մարմնի ստեղծումն, ըստ նրա, քննության որակի վերաբերյալ առկա բոլոր բողոքները շտկելու ուղղությամբ կատարվող կարևոր քայլ է: Եվրոպացի մասնագետը պարզաբանում է, որ քաղաքացիական հասարակությունից և Փաստաբանների պալատից մտահոգություններ է լսել առ այն, որ Հայաստանում քննության որակը չափազանց ցածր է. քննիչները չունեն համապատասխան որակավորում՝ մի կողմից ցածր աշխատավարձի, մյուս կողմից ցածրորակ դասընթացների պատճառով: Դա կարող է հանգեցնել մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ոչ արդար քրեական հետապնդման: Դատաիրավական բարեփոխումների քաղաքականության խորհրդականը գտնում է, որ նոր մարմնի՝ անկախ կառույց լինելու որոշումը պարտավորեցնող է, սակայն միաժամանակ ընդգծում, որ իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքների ճիշտ համադրման դեպքում անկախ կառույցները բարձրացնում են պրոֆեսիոնալիզմի մակարդակը և իջեցնում առանցքային հասարակական գործառույթների քաղաքականացումը: Դոկտոր Չարլս Է. Էրլիչն ընդգծում է, որ Եվրոպայի Խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2001 թվականից, հետևողականորեն անդրադարձել է հանրային կառույցների անկախությանը՝ կարևորելով անկախության երեք բաղադրատարր՝ ֆինանսական անկախությունը, նշանակումներ կատարելու և պաշտոնի զբաղեցման ժամկետները որոշելու անկախությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու անկախությունը, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալ ինքնավարությունը: Ըստ ԵՄ խորհրդատվական խմբի անդամ մասնագետի՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր մեթոդներ են կիրառում նախաքննություն իրականացնելու համար, այս հարցում գոյություն չունի եվրոպական չափանիշ: Հայաստանի պարագայում Քննչական կոմիտեն պետք է գործի գլխավոր դատախազությունից և գործադիր մարմնից անկախ: Հայաստանում նախկինում իրականացված բարեփոխումների արդյունքում արդեն իսկ քննությունը հանձնարարվել է ոստիկանությանը, ինչպես նաև՝ գերատեսչական այլ քննչական մարմինների՝ գլխավոր դատախազից նախաքննության իրականացման անկախությունն ապահովելու նպատակով: Գործադիր մարմնից անկախությունն ապահովելու նպատակով քննությունը պետք է իրականացնի Քննչական կոմիտեն՝ որպես անկախ մարմին՝ նախաքննություն ապաքաղաքականացնելու և այն ավելի արդար ու անաչառ դարձնելու նպատակով:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի