Parliament.am. «Վրաստանի խորհրդարանի մեծարգո նախագահ,
Հարգարժան գործընկերներ,
Հարգարժան դեսպաններ,
Հարգելի ներկաներ
Պատիվ ունեմ ողջունելու խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հատկապես ուրախ եմ Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլիի ներկայության համար: Երկու խորհրդարանների նախագահների մասնակցությունը միանշանակ վկայում է մեր պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել դեսպան Սորոկինին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերված օժանդակության համար:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսեւորման եւ փոխադարձ հարգանքի վրա: Մեր երկու ժողովուրդներին միավորում են նաեւ մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունները, ինչպես նաեւ մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը: Մեր երկու երկրները մշտապես առաջնորդվել են համամարդկային արժեհամակարգով, եւ մենք հանձնառու ենք շարունակելու բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:
Անկախությունից հետո Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար: Ուրախությամբ նշեմ, որ այսօր ակտիվ համագործակցություն է նկատվում տրանսպորտի եւ հաղորդակցության, գյուղատնտեսության, ենթակառույցների զարգացման եւ մի շարք այլ ասպարեզներում:
Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը նախաձեռնել է ՀՀ հյուսիսային 3 պետական սահմանակետերի՝ Բավրայի, Գոգավանի, Բագրատաշենի անցակետերի արդիականացման համապարփակ ծրագիր՝ շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ. նոր անցակետերի շինարարությունը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքների իրականացման հարցում անհրաժեշտ էր սերտ համագործակցություն վրացի գործընկերների հետ, մասնավորապես Բագրատաշենի նոր կամուրջի շինարարության հարցում, ինչպես նաեւ Բավրա անցակետի ճանապարհային հանգույցի տեղի ընտրության հարցում: Ցավոք, այս հարցերում դեռեւս չկա լիարժեք համագործակցություն: Տվյալ փուլում անհրաժեշտ է համաձայնության հասնել անցակետերի հատվածների շինարարության հարցում: ՀՀ կառավարությունը առաջիկայում քննարկում կունենա վրացի գործընկերների հետ այդ հարցերի շուրջ: Խնդրում եմ պարոն նախագահի աջակցությունը վրացական կողմի համագործակցությունն ապահովելու հարցում:
Հարգելի գործընկերներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում արտաքին քաղաքականության ոլորտում մեր պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ ելնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներից:
Հայկական կողմը մեծապես կարեւորում է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Այս համատեքստում մեծ նշանակություն եմ տալիս խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությանը: Ժամանակին մեր խորհրդարաններում գործում էին նման հանձնաժողովներ, ինչը բնորոշ է միայն ռազմավարական գործընկերությանը, սակայն հանձնաժողովների գործունեությունը օբյեկտիվ պատճառներով դադարեցվեց:
Հայկական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերականգնել համագործակցության նշված ձեւաչափը՝ ակնկալելով փոխադարձ նախաձեռնություն: Այդ քայլով մենք մեծապես կնպաստենք միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը՝ ճանապարհ հարթելով կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում ընդգրկուն փոխգործակցություն ծավալելու համար:
Հուսով եմ, որ այսօրվա խորհրդաժողովը հիմք կհանդիսանա միջխորհրդարանական երկխոսության շարունակականության համար: Այն կարող է նաեւ արդյունավետ լինել միջազգային խորհրդարանական կառույցներում կողմերի համար կենսական նշանակություն ունեցող բանաձեւերի քվեարկության ժամանակ համակարգված մոտեցումներ եւ միջազգային ատյաններում միմյանց թեկնածություններին փոխադարձ աջակցություն ցուցաբերելու առումով:
Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի ամրապնդել եւ ընդլայնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ մեր երկու պետությունների միջեւ ռազմավարական համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատմանն ու փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ հաջողություն ձեր առաքելության իրականացման գործում»: