«Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովին ներկա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կդժվարանա նշել, թե Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում ո՞ր հարցերն են երկրորդական, որովհետեւ երկուստեք հետաքրքրող բոլոր հարցերն առաջնային են:
Պարոն Ուսուպաշվիլին հայտնեց, որ վրացական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան, ու ինքը հուսով է, որ երկու օրվա ընթացքում կհասցնեն քննարկել բոլոր այն հարցերը, որոնք հուզում են երկու ժողովուրդներին: «Խորհրդարանը ընտրվում է ժողովրդի կողմից, որպեսզի արտահայտի ժողովրդի շահերն ու մտածումները, ներկայացնի նրա հետաքրքրությունները, մեր ժողովուրդների շահերից է բխում հարաբերությունների զարգացումը, եւ այն ամենը իրականացնելը, ինչը օգուտ կբերի մեր երկրներին: Մենք վստահ ենք, որ նման ցանկություններ ունեն նաեւ մեր հայ գործընկերները: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ էր»:
Անդրադառնալով Վրաստանի եվրակողմնորոշմանը, Վրաստանի խորհրդարանի նախագահն ասաց. «Չնայած ոչ բոլորը գոհ կմնան, բայց Վրաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումն ու կուրսը: Ոչ մի ճնշում մեզ չի կարող հետ պահել այդ ամենից, ինչ մասին բազմիցս արտահայտվել ենք»:
Անդրադարձ եղավ նաեւ ուկրաինական հուզումներին, ինչի մասին էլ վրաց պաշտոնյան ասաց, որ իրենց խորհրդարանը երկու օր առաջ պաշտոնական հայտարարությամբ հաստատել է իր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ