Վերքաքննիչ դատարանը դեկտեմբերի 12-ին հաստատել է Թուրքիայում ապրող հայ գրող Սևան Նիշանյանին տրված երկու տարվա ազատազրկումը՝ Իզմիրի Շիրինջ գյուղում, որտեղ նա ապրում է, անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը:
Նիշանյանին նաև 13,5 ամսվա ազատազրկում է սպառնում, երբ մայիսին Ստամբուլի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հակաիսլամական «Մահմեդականների անմեղություն» ֆիլմին իր բլոգում աջակցելու համար: Այժմ գործը վերաքննիչ դատարանում է:
Մեկնաբանելով դեկտեմբերի 12-ի վճիռը՝ Նիշանյանն ասել է, որ դա իր նկատամամբ քաղաքական հետապնդում է, քանի որ նա քննադատում է Թուրքիայում ազատ խոսքի իրավունքի սահմանափակումները:
«Սա քաղաքական շարժառիթներ ունի, որովհետև այս հասարակությունում ովքեր փորձում են անհատ լինել և ամուր կանգնել իրենց գաղափարների համար, միշտ պատժվում են», – ասել է նա «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Կարդացեք նաև
56-ամյա Նիշանյանը Թուրքիայի առաջատար լեզվաբաններից է, և Շիրինջ գյուղը դարձրել է հիանալի զբոսաշրջային վայր, երբ գնել է մի քանի հունական ավերված տներ ու դրանցից հյուրանոցներ սարքել, շարունակում է «Հուրիյեթ»-ը:
13,5 ամիս ազատազրկումը Նիշանյանին սպառնում է իր բլոգի այս գրառման համար. «Արաբ առաջնորդի ծաղրելը, թե նա հարյուրավոր տարիներ առաջ տեսել է Ալլահին ու նրանից քաղաքական, ֆինանսական ու սեռական կարողություն ստացել, ատելության քարոզ չէ: Դա խոսքի ազատության գրեթե մանկապարտեզի մակարդակի թեստ է»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ