Նոր տարի, նոր իշխանություն, նոր Հայաստան
««Նախախորհրդարանը» կազմակերպում է ամենշաբաթյա երթեր, այսինքն՝ ամեն շաբաթ օր՝ շաբաթը մեկ անգամ, պատրաստվում ենք երթեր անցկացնել: Երթերի նպատակը դիմադրության շարժման ձեւավորումն է եւ ժողովրդին, ցանցային համակարգի մեջ ներգրավելով ու կազմակերպական անհաղթելի ուժի վերածելով, հանցավոր վարչախմբի վերացումը եւ նոր որակի հայկական պետության ձեւավորումը»,- դեկտեմբերի 14-ին «Նախախորհրդանի» ամենշաբաթյա երթի ժամանակ Aravot.am-ին հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ «Նախախորհրդարանը» երթերի միջոցով ցանկանում է իրազեկել մարդկանց. «Թո՛ղ չմտածի մեր ժողովուրդը, որ իր ուժերը չեն բավարարելու նոր պետություն ստեղծելու եւ իր հայրենիքում ապրելու համար: Ամեն ինչ մենք կարող ենք անել. ժողովուրդն անպարտելի է»: Նա նաեւ նշեց, որ «Նախախորհրդարանը» արդեն ձեռնամուխ է եղել ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի ձեւավորման աշխատանքներին, եւ շուտով կհրապարակեն այդ խորհրդարանի պատգամավորների ընտրազատման չափանիշները: «Նախախորհրդարանի» անդամները Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցող երթի ընթացքում տեղեկացնում էին անցորդներին իրենց գործունեության եւ ծրագրերի մասին եւ կոչ էին անում միանալ իրենց: Երթերը կազմակերպվելու են ամեն շաբաթ Երեւանի տարբեր մասերում: «Նախախորհրդարանը» քաղաքի տարբեր հատվածներում նաեւ տեղադրել է սեղաններ, որտեղ, Եղիա Ներսեսյանի խոսքերով, յուրաքանչյուր քաղաքացի կարող է գրանցվել՝ որպես ապագա ընտրող. «Գրանցվում են այն մարդիկ, ովքեր դեմ են, ովքեր չեն հավատում համակարգին եւ հասկանում են, որ այս համակարգի ներսում չես կարող փոխել. համակարգից դուրս պետք է փոխել: Մենք պարբերաբար կանչում ենք նրանց, ժողով ենք անում, իրազեկում ենք, խոսում ենք մեր ճանապարհային քարտեզից, մեր ռազմավարական հայեցակարգից»: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում են իրազեկել ապագա ղեկավարներին՝ մտավորականների, ովքեր այժմ աշխատում են տարբեր ոլորտներում, իրենց Հիմնադիր խորհրդարանի մասին եւ ապագայում՝ նրանցից ընտրել խորհրդարանի անդամներին. «Մարդիկ մտածում են, որ «Նախախորհրդարանը» մի խումբ է, որ դուրս է գալու փողոց՝ ջարդելու եւ փշրելու, բայց դա չէ այն ճանապարհային քարտեզը, որ մենք ունենք չի խոսում դրա մասին, ընդհակառակը՝ սա երկարատեւ գործընթաց է եւ մենք ասում ենք՝ մենք պետություն պետք է ստեղծենք, իսկ պետություն ստեղծելու համար պետք է մտավորական առաջամարտիկներ, ովքեր ապագա պետության կադրերն են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Միակ ուժը, որին հարգում եմ, հավատում, և խոնարհվում նրա գործունեության առջև։