«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամները կդիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12.30-ին, նախաձեռնության կազմակերպիչները և այն քաղաքացիները, որոնք նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակներին, Ազատության հրապարակից երթով շարժվելու են Սահմանադրական դատարան, որպեսզի պահանջեն կասեցնել պարտադիր օրենքը:
«ՀՀ-ում նման օրենքների կամ ուրիշ ավելի վատ բաների դեմ պայքարելու միակ ձևը քաղաքացիների պայքարն է»,- ասաց Հայկ Ավետիսյանը:
Հարց-դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը երեկ իր հստակ դիրքորոշումն արտահայտեց պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ, արդյոք ի՞նչ սպասելիքներ կան Սահմանադրական դատարանից այն դեպքում, երբ և´ օրենսդիր, և´ գործադիր մարմինները որևէ մտադրություն չունեն հետ կանգնելու իրենց որոշումից, «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ մենք անակնկալի եկանք նախագահի հայտարարությունից: Բնականաբար, եթե այդ օրենքը պառլամենտական մեծամասնությունը հավանության է արժանացրել, դա Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի դիրքորոշումն է, և այստեղ զարմանալի ոչինչ չկա: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա այն, լինելով դատական համակարգի մարմին, անշուշտ, չի կարող լինել կուսակցականացված: Եվ մեզանից յուրաքանչյուրն իր սպասելիքներն ունի կամ չունի այդ կառույցից, սակայն պետք է նշենք, որ Սահմանադրական դատարանը վերջնակետ չէ և անհրաժեշտության դեպքում մինչև Եվրադատարան էլ կգնանք»:
Կարդացեք նաև
Բանախոսը նկատեց, որ բացի դատական համակարգի միջոցով խնդիրը լուծելու տարբերակից, մեր սահմանադրությունը հնարավորություն է տալիս մեզ նաև քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների և շարժումների միջոցով հարցերը լուծել, իհարկե, օրենքի դաշտում: «Եվ դրա համար էլ քաղաքացիական նախաձեռնությունը կա: Եթե մենք վստահ լինեինք, որ քաղաքական ուժերը կկարողանային խնդիրը լուծել, այս քաղաքացիական նախաձեռնությունը, բնականաբար, չէր լինի: Բայց մենք պետք է ամեն կերպ, անշուշտ օրենքի սահմաններում, «ճնշենք» քաղաքական ուժերին, որպեսզի նրանք քաղաքացիական հասարակության հետ հաշվի նստեն»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Հավատո՞ւմ են արդյոք իրենք իրենց նախաձեռնության հաջողությանը:
«ՀՀ նախագահը թագավոր չէ, Հայաստանը հանրապետություն է և ոչ թե միապետություն: Եվ ո՞վ է ասել, որ որևէ երկրի նախագահի հայտարարությունը վերջնական է, ու ետդարձի ճանապարհ չկա: Քաղաքացիները եթե համախմբված պայքար տանեն օրենքի դաշտում, օգտագործեն իրենց տրված հնարավորությունները, ցանկացած օրենք էլ կարելի է բեկանել և փոփոխել»,- համոզված է Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը գտնում է, որ այս ամենի արդյունքում և´ նախագահը, և´ կառավարությունը, և´ խորհրդարանը պարզապես ցույց տվեցին, որ իրենք ոչ թե օրենքի քննարկմանն են դեմ, այլ որ ցանկացած դեպքում ժողովրդի հետ երկխոսության չեն ուզում գնալ:
Նա նաև անդրադարձավ հասարակության իրազեկվածության մակարդակին՝ նշելով, որ բնակչության (հատկապես շրջանների բնակչության) մեծ մասը դեռևս չի պատկերացնում, որ իրեն էլ է այս օրենքը վերաբերում: «Երբ որ հունվար-փետրվար ամիսներին աշխատավարձ ստանան և տեսնեն, որ 5%-ը իրականում 5% չէ, ոմանց համար 7% է, ոմանց համար էլ՝ 10%, այդ ժամանակ արդեն կզգան, որ ոչ թե պետությունը, այլ կոնկրետ անձինք իրենց կրկին խաբել են: Այդ ժամանակ, ես վստահ եմ, շարժումը նոր թափ կստանա»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Դավիթ Մանուկյանն էլ նկատեց, որ խնդիրն այստեղ բոլորովին էլ փողը չէ, խնդիրը երևույթն է, որ, «փաստորեն, քո սեփականության հանդեպ ոտնձգություն է կատարվում: Այստեղ պայքարը երևույթի դեմ է: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը, առանց իմ թույլտվության, իմ գրպանից թեկուզ մի լումա վերցնի»,- շեշտեց բանախոսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ