Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ն կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված «STR» ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին, վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է համագործակցել «STR» ավտոսիրողների ակումբի հետ և նպաստել ավտոսպորտի զարգացմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առաջին անգամ էր վարում սպորտային մեքենա։ «Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական մեքենա է, բայց բռնելով ղեկը միայն հասկանում ես, որ այն քեզ ակամա առաջ է մղում։ Ադրենալին, ոգևորություն, արագություն. ահա այն զգացողությունները, որ ունենում ես՝ վարելով սպորտային մեքենա»,- նշեց Կարեն Ավագյանը։
«STR» ավտոսիրողների ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանն ընդգծեց, որ իրենց նպատակը Հայաստանում ավտոսպորտը զարգացնելն է։ «Մենք քարոզում ենք պահպանել երթևեկության կանոնները, լինել օրինակելի վարորդներ։ Աշխատանքներ ենք տանում նաև երեխաների, աղջիկների շրջանում։ Զբաղվում ենք նաև պրոֆեսիոնալ մարզումներով։ Տարվա ընթացքում ակումբի կողմից կազմակերպվել է 9 միջոցառում։ Մենք պարբերաբար անցկացնում ենք մի շարք առաջնություններ, ավտո քռոսս, արագընթաց ձևավոր վարում (դռեգ ռեիսնգ), դրիֆտինգ, լեռնային մրցություն և տարբեր ավտոշոուներ»,- նշեց Արսեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ ակումբն ավտոսիրողներին հնարավորություն է տալիս զգալու արագության շունչը, և խրախուսում է զերծ մնալ փողոցային անկարգություններից, նաև կազմակերպում է երիտասարդների ինքնատիպ ժամանցը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «DRAG-RACING 2013 STR» գավաթի և դրիֆտինգի առաջնության հաղթողների պարգևատրում։ Միջոցառման հատուկ հյուրն էր նաև ավտոսպորտի միջազգային մրցումների հաղթող, մոսկվաբնակ Արթուր Գորոյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցաշարերում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն