Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը ազգաբնակչության ցուցակներն է մաքրում

Դեկտեմբեր 14,2013 14:43

Բժիշկները նաեւ հեռախոսավարի գործ են անում, իսկ քաղաքապետարանը գտնում է՝ դա իրենց սուրբ պարտականությունն է

Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկայի բժիշկներ բան ու գործը թողած՝ հեռախոսավարի գործ են ստանձնել. զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»: Հետո, երբ բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում՝ «Իսկ «այսինչ» հասցե՞ն է», հետեւում է պատասխանը՝ «Այո, բայց ոչ թե Արմեն, այլ՝ Արեն Պողոսյան»: Եվ նմանատիպ անուն-ազգանունների կամ հասցեների անճշտություններ բժիշկները հարյուրներով են հայտնաբերում: Իսկ թե ինչո՞ւ են բժիշկները տվյալների ստուգողի դեր կատարում. որովհետեւ ղեկավարությունից հրահանգ կա՝ նախկինում հաշվառված բնակիչների տվյալները ստուգել, վերանայել եւ պոլիկլինիկաներում հաշվառվածների բազան թարմացնել:

Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված եւ բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակը չեն համապատասխանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալների հետ, իսկ եթե պոլիկլինիկաներում հաշվառվածների թիվը նվազի այս ճշգրտումների արդյունքում, բժիշկների աշխատավարձը կնվազի: Բնակիչների թվաքանակից է կախված տվյալ պոլիկլինիկայի եւ բժիշկների ֆինանսավորումը, եւ հիմա պոլիկլինիկաներին անհրաժեշտ է հստակ թվաքանակ, որպեսզի եկող տարվա ֆինանսավորումն էլ հստակ լինի: Բացի այդ, կա բժիշկներին անհանգստացնող մեկ այլ խնդիր էլ: Ինչպես ներկայացրեցին «Առավոտին» դիմած մի քանի բժիշկներ, ամբողջ օրը զբաղված են զանգեր կատարելով ու բազմաթիվ բնակիչների, մեղմ ասած, ոչ բարեհամբույր, երբեմն նույնիսկ վիրավորական պատասխանները լսելով. «Այնպիսի հիստերիկ արձագանքներ ենք լսում, ամոթից չգիտենք՝ ինչ ասենք: Շատ բնակիչներ նույնիսկ չեն էլ ցանկանում իրենց տվյալներն ասել՝ պատճառաբանելով, թե չեն հավատում, որ պոլիկլինիկայից են իրենց զանգում: Իսկ այցելություն այդքան մարդու տուն՝ անհնար է: Եվ աշխատանքային ժամերին ենք զանգում, եւ ոչ աշխատանքային:

Ցուցակները բերում ենք տուն ու շարունակում նորից զանգել մարդկանց: Բացի այն, որ զանգերը մեր հաշվին են կատարվում, նաեւ ավելորդ ծանրաբեռնվածություն է մեզ համար, որովհետեւ, երբ համակարգիչ մուտքագրեցինք ոստիկանությունից ստացված նոր տվյալները, մեկի մոտ եղավ 500, մյուսի մոտ՝ 800, մեկ այլ բժշկի մոտ դա նույնիսկ 1000-ի է հասել: Սա նշանակում է՝ այսքան քանակությամբ բնակիչների զանգել ու ճշտել անուն-ազգանուն, հասցե եւ անձնագրային այլ տվյալներ: Իսկ եթե չճշտենք էլ, ապա բնակիչները դուրս կմնան տվյալ պոլիկլինիկաների բժշկական անվճար սպասարկումից»:

Բժիշկներից մեկն էլ փորձել է խորամանկության դիմել, եւ հենց ոստիկանության անձնագրային տարածքային բաժնից է փորձել տվյալներ ստանալ, սակայն, բնականաբար, մերժել են, քանի որ նման իրավունք չունեն:

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն էլ «Առավոտի» հետ զրույցում բժիշկների՝ տնետուն զանգելը նորմալ համարեց. «Դա նրանց սուրբ պարտականությունն է, եւ ես շատ ուրախ եմ, որ իրենց մոտ եղած ցուցակները մենք վերջնական ճշտում ենք:

Անճշտությունների տարբեր պատճառներ կան, ենթադրենք՝ ազգանունը մուտք անելուց տառասխալ են արել, անձնագրի համարն է սխալ եղել, ես կողմ եմ, որ իրենք դա անեն»: Մեր հարցին էլ, որ իրենց բուն ու գործը թողնեն, ա՞յլ գործ անեն, պարոն Բաբինյանն ասաց. «Ինչու այլ գործ, դա իրենց գործն է, հավաքագրում են ազգաբնակչությանը, ըստ որի էլ վարձատրվում են»:

Պարոն Բաբինյանի խոսքերով՝ ցուցակներում կան մահացած մարդիկ, կան բնակիչներ, որոնք արդեն չափահաս են դարձել, ուստի, ինչպես վարչության պետն ասաց՝ մաքրում են ցուցակները. «Ուզում ենք 2014 թվականին բոլոր ցուցակները մաքուր լինեն, վա՞տ բան ենք անում, ճշտենք ցուցակները, որ որքան մարդ կա, այդքան էլ պետությունից ֆինանսավորում ստանանք: Ենթադրենք՝ 17 տարեկանը լրացել է, չեն գնում այդ անձի տուն, ասեն՝ դու անձնագիր ես հանել, մեծերի մեջ ես մտնում, ինչո՞ւ պիտի պետությունը մանկականի սպասարկման համար գումար տա, որն ավելի բարձր է, քան մեծի գումարը: Ուզում ենք բոլոր հարցերը լուծենք՝ հիմնահատակ, դաշտը մաքրենք»:

Ինչ վերաբերում է բժշիկների այն դժգոհություններին, որ կողմնակի աշխատանք են կատարում, պարոն Բաբինյանն ասաց. «Ես գտնում եմ, որ այդ աշխատանքը իրենցն է՝ պետք է անեն, տրտնջում են, որովհետեւ հավես չունեն գնան տներով կամ զանգեն: Բայց մեր թերությունն է եղել, որ նման անհամապատասխանություններ կան, շտկելու ենք: Մենք իսկապես լավ եւ ճիշտ բան ենք անում: Ինչո՞ւ պետությունը պիտի ավելին վճարի»:
Երբ մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավոր չէ՞ր այդ լավ գործն այնպես կազմակերպել, որ բժիշկը զբաղված լինի հիվանդին բուժելու գործով, իսկ զանգերը մեկ այլ անձ կատարի, վարչության պետն ասաց. «Թող բուժքույրն անի»: Մեր դիտարկմանը, որ բուժքույրերն էլ են զբաղված, օգնում են բժիշկներին, գուցե պետք է ժամանակավոր նոր հաստիք կամ պարապ մեկին գտնել, որ զանգեր կատարի ու ցուցակ ճշտի, վարչության պետը ողջունեց մեր այս առաջարկը՝ ասելով. «Ձեր առաջարկի մասին կմտածենք, կարելի է եւ նման տարբերակ փորձել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աիդա says:

    ես դեմ չեմ ցուցակների մաքրելուն,սակայն դա պետք է արվեր մի քանի ամիս առաջ և ոչ թե տարեվերջի թոհուբոհի ժամանակ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031