11.12.13թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի հիման վրա դատական հերթական նիստը: Հիշեցնենք, որ Վահե Էլոյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության է: Նա պնդում է, որ ս/թ հունիսի 6-ին՝ կառավարության որոշմամբ, ազատվել է աշխատանքից՝ առանց փաստացի իրավական հիմքերի եւ խնդրում էր անվավեր ճանաչել կառավարության որոշումը եւ իրեն վճարել մինչ օրս հարկադիր պարապուրդի համար անհրաժեշտ գումարը:
Վահե Էլոյանի շահերը պաշտպանում էր Արգամ Նազանյանը, իսկ կառավարությանը` Ռաշիդ Գալստյանը: Վերջինս միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի լսեին վկա Կարապետ Օհանյանին, ով ներկա էր գտնվել աշխատակազմի նախկին ղեկավարի ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հանդիպումներից մեկին, երբ խոսվել էր Վ. Էլոյանին այլ հայեցողական աշխատանքի նշանակելու մասին: Վ. Էլոյանի փաստաբանն էլ իր հերթին միջնորդեց, որպեսզի վկան դահլիճ չհրավիրվի, քանզի նա հետագայում՝ օգոստոսի վերջին աշխատանքի է անցել նախարարությունում եւ կարող է նրա վկայությունն անաչառ չլինի: Վերջինիս միջնորդությունը հարգվեց եւ վկա Կ.Օհանյանը դահլիճ չհրավիրվեց, չնայած Ռ. Գալստյանը փաստեց, որ այդ ժամանակ, իրոք, Օհանյանը չէր աշխատում նախարարությունում եւ, հետեւաբար, չուներ ոչ մի կախվածություն նախարարից:
Դատավորի այն հարցին, թե ե՞րբ է Էլոյանն իմացել իր ազատման եւ նոր աշխատանքի նշանակվելու մասին, հայցվորը պատասխանեց, որ կառավարության նիստից է տեղեկացել` իր աշխատասենյակում: Զանգահարել է կառավարություն` անձնակազմի կառավարման բաժնի պետին, սակայն վերջինիս հետ կապվել չի հաջողվել: Հաջորդ օրը աշխատանքի չի գնացել, աշխատասենյակը հանձնել է առաջիկա շաբաթ-կիրակի օրը, նախարարին չի հանդիպել, կնիքը դրել է չհրկիզվող պահարանը, փակել, բանալին դրել սեղանի դարակը, սենյակի բանալին էլ հանձնել խորհրդականին ու գնացել: Ամրակցված մեքենան էլ նույն օրը հանձնել էր տնտեսվարին: Դատավորը հարցրեց` իսկ ընդունման- հանձնման որեւէ փաստաթուղթ չի՞ կազմվել: Էլոյանը պատասխանեց` ոչ:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ռաշիդ Գալստյանն էլ հարցրեց հայցվորին, թե նախարարի օգնական աշխատելու մասին Էլոյանը գրություն ստացե՞լ է արդյոք եւ ե՞րբ: Էլոյանն ասաց, որ ստացել է իր տան հասցեով նման մի գրություն, սակայն դրանում իրավական հիմք չի եղել:
Կարդացեք նաև
Կառավարության շահերի պաշտպանն էլ փաստեց, որ Էլոյանը մյուս մեքենան հանձնել է հունիսի 24-ին, իսկ հունիսի 6-ին, երբ իմացել է իրեն աշխատանքից ազատելու մասին, պետք է հետաքրքրվեր դրա հիմքերով, որ այլ աշխատանքի նշանակվելու պատճառով է ազատվում, որ Էլոյանը ճիշտ չի ասում, թե չի իմացել նոր աշխատանքի նշանակվելու մասին:
Ռաշիդ Գալստյանն էլ ընդգծեց, որ Էլոյանին աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել Քաղծառայության մասին օրենքի 15-րդ հոդվածի 2.1 կետի, 33-րդ հոդվածի 1 կետի համաձայն` այլ աշխատանքի` նախարարի օգնական նշանակվելու պատճառով, իսկ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի առաջին մասով նա նշանակվել էր նոր աշխատանքի՝ փոխադարձ համաձայնությամբ: Ռ. Գալստյանը պնդեց, որ կառավարության որոշումը Էլոյանին աշխատանքից ազատելու մասին իրավաչափ է եւ հիմնավորված, հայցն անհիմն է եւ ենթակա մերժման:
Նիստը կշարունակվի դեկտեմբերի 24-ին:
Գ. Ա.
«Առավոտ» օրաթերթ