Լրահոս
Օրվա լրահոսը

Կլարնետը դուրս է բերվել կենցաղային ընկալումից

Դեկտեմբեր 14,2013 14:12

Կայացել է երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը

Վերջին շրջանում է միայն, որ մեր հանդիսատեսը արտերկրյա եւ հայաստանցի երաժիշտների մատուցմամբ ծանոթանում է փողային գործիքների, այդ թվում՝ կլարնետի կատարողական արվեստին: Եվրոպական այդ նվագարանը վերջապես մեր իրականության մեջ դուրս է բերվել կենցաղային ընկալումից: Ավելին, մեզանում անցկացվող կատարողական արվեստի մրցույթների թիվն ավելացել է եւս մեկով. դեկտեմբերի 5-11-ը կայացավ կլարնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի (լուսանկարում) անվան երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը: Պատահական չէր, որ մրցույթը կրում է ճանաչված երաժշտի անունը. Աբգար Մուրադյանը իր գործունեությունը կատարողական եւ կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Մրցույթի կազմակերպիչներն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Հայ օգնության ֆոնդը: Երաժիշտներին այնքան էր հուզել իրենց գործընկերոջ անունը կրող մրցույթի անցկացումը, որ մրցակցությունը կարծես երկրորդ պլանում էր հայտնվել: Մրցույթն անցկացվեց դասական ձեւաչափով:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը նշելով մրցույթի անցկացման, իր խոսքերով՝ բարձր մակարդակի մասին, ավելի շատ արտահայտվեց Աբգար Մուրադյանի մասին: «Եթե փորձեմ գնահատել Աբգար Մուրադյանի գործունեությունը, ապա կուզեի կանգ առնել երկու կարեւոր հանգույցի վրա: Նրա կատարողական արվեստով եւ մեր մի շարք նշանավոր կլարնետահարների ջանքերով էր, որ կլարնետի կատարողական արվեստը դրվեց դասական բարձրության վրա: Ավելին՝ հենց այս երաժիշտը կարողացավ իր արվեստով ձեւավորել այդ ոլորտում բարձր մակարդակ, եվրոպական մշակույթին հարիր ազնիվ մտածողություն, վարպետության բարձրագույն որակ: Մյուս հանգույցը սերտաճած է ասվածին: Գաղտնիք չէ, որ կլարնետը մեզանում երաժշտական կենցաղում երբեմն ունենում է ոչ բարձր արտահայտություններ, այլ խոսքով՝ այն դառնում է կենցաղային կիրառական մի մասնիկ՝ դրանից բխող դրսեւորումներով: Անվանի երաժշտի գործունեությունը միտված էր այս նվագարանը առտնին եռուզեռից, զվարճանքների մակարդակից դուրս բերելուն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, թե պատվարժան երաժիշտը նույնիսկ ուսումնական պրոցեսում ցույց էր տալիս, թե իրականում ինչպիսին պետք է լինի բարձրարվեստ ու բարձրակարգ կատարողը:

Մհեր Նավոյանն ասաց, որ Աբգար Մուրադյանի կատարողական արվեստի ակունքները եվրոպական էին: Չնշելով կենսագրական մանրամասներ, երաժշտագետը տեղեկացրեց, որ զինվորական կրթություն ստանալու նպատակով Աբգար Մուրադյանը մեկնել է Լիտվա ու այնտեղ է հակվել դեպի կլարնետը: Երաժշտագետը հիշեց, որ կլարնետահարը հաճախ էր մտաբերում Լիտվայում իր՝ իբրեւ կլարնետահարի վարպետության հիմքերը դրած գերմանացի մասնագետ ընկեր Հելմուտին:

Դիտարկմանը, թե հաճախ անվանի արվեստագետների մասին խոսելիս ընդգծվում են նրանց մարդկային որակները, Մհեր Նավոյանը պատասխանեց, որ Աբգար Մուրադյանը քիչ հանդիպող այն երեւույթն էր, երբ հրաշալի երաժիշտը իր մեջ զուգորդում էր պարկեշտ, զուսպ, համեստ մարդուն բնորոշ բարձր որակները. «Դրանց շնորհիվ էր, որ նա բացարձակ հեղինակություն էր բոլոր միջավայրերում, որտեղ երբեւէ աշխատել է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031