Այսօր հակաքրիստոսի թիվը եւ այդ թվի բաղադրիչը կազմող 6 թվանշանն այնքան կիրառելի է, որ այժմ մշակույթի եւ ճարտարապետական ոճի ձեւավորման ու կազմավորման մեջ հիմնական տարրն է դարձել: Այժմ, երբ աշխարհը թեւակոխել է գլոբալիզացիայի փուլ, լայն դռներ եւ ճանապարհներ են բացվել ոչ քրիստոնեական ճարտարապետության լիակատար ներթափանցման համար՝ քրիստոնեությունը դավանող երկրներ:
Օրինակ, եթե դիտարկենք Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող պարսկական մզկիթի մուտքի դարպասի ձեւավորված տեսքը, պարզ կտեսնենք, որ այդ աշխատանքի կառուցվածքային բջիջը «վեց» թվանշանն է: Եվ այդ աշխատանքի ճարտարապետական տեսքը պայմանավորված է այդ նույնանման բաղադրիչների գեղեցիկ համադրությամբ:
Իրանից, Թուրքիայից, Չինաստանից եւ այլ երկրներից քրիստոնեություն դավանող երկրներ են ներկրվում զանազան արտադրատեսակներ եւ սննդամթերք, որոնց փաթեթավորումը վեցաձեւ է:
Այս ոճի գրավիչ ու գայթակղիչ դառնալու հետեւանքով անգամ տեղական արտադրողները նույնպես իրենց արտադրանքի ձեւավորումների եւ փաթեթավորումների մեջ մեծամասամբ կրկնօրինակում են ներկրվածներին: Նույնը վերաբերում է մեծ մասամբ քրիստոնեություն դավանող երկրներում, այդ թվում Հայաստանում «շրջանառվող» հագուստին, կոշկեղենին: Մարդիկ անգամ իրենց բնակարաններն են այդ ոճով ձեւավորում: Գնալով աշխարհը դառնում է միանման ճարտարապետությամբ, կարծես մեկ ճարտարապետ է աշխատել: Փոխվում է քրիստոնեական հասարակության կենցաղը:
Կենցաղն էլ իր հերթին ձեւավորում է մարդու գիտակցությունը, ազդելով նաեւ կրոնական հայացքների եւ դավանաբանական ընկալումների վրա:
Շենքերի եւ շինությունների ճարտարապետական ոճերի ընտրության հարցում որոշիչ եւ տարբերիչ դերը հիմնականում պատկանում է շենքի քիվերին, պատուհանների եւ պատշգամբների ճաղավանդակների, ցանկապատերի ցանցերի, բազրիքների, դռների եւ դարպասների ձեւավորմանը, ինչպե նաեւ դռների բռնակների, մայթի եւ մյուս երեսպատման ձեւավորված սալիկների ընտրությանը: Ներքին հարդարման եւ ձեւավորման հարցում ոճի ընտրությունը պատկանում է առաստաղին, պաստառներին, հատակի եւ ջահերի տեսակին, գորգերի եւ այլ ծածկոցների, ինչպես նաեւ վարագույրների տեսակին, որոնք ամբողջական մթնոլորտ եւ ոճ են ստեղծում համապատասխան կահավորման հետ միասին: Ցավալի է, բայց մի տեսակ դարձել են վեցանկյան սիրահար:
ՄԱՐԳԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
շինարար, ինժեներ
«Առավոտ» օրաթերթ