2013թ. նոյեմբերի 20-ին իր կարճատեւ կյանքին հրաժեշտ տվեց 1996թ. նոյեմբերի 30-ին ծնված՝ Նորատուս գյուղի բնակիչ, 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Արայի Օհանյանը: Հայրենասեր պատանու վերջին հանգրվանը եղել է Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում գտնվող Հոսպից կոչվող հանգստյան տունը:
Նորատուս գյուղը կորցրեց ազգի ապագա լավ զինվոր, մի հրաշք պատանի:
Որտեղ էլ գտնվել է այդ բարեհամբույր պատանին, իր գեղեցիկ ժպիտով արժանացել է թե՛ օտարների եւ թե՛ հարազատների հարգանքին ու համակրանքին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում գերմանացի բժիշկներին՝ իրենց հոգատար, սիրալիր եւ անշահախնդիր վերաբերմունքի, ինչպես նաեւ պատանու երազանքներն իրականացնելու համար: Նկատելով Նարեկի հայրենասիրական ոգին, բժիշկը նվիրել է ապագա զինվորին Հայոց եռագույնը եւ զինվորական համազգեստ:
Օհանյանների ընտանիքի կողմից հատուկ շնորհակալություն Երեւանի բնակիչ, «1+1» ցանցի տնօրեն պարոն Վարդանին, Մարինային եւ աշխատակազմին՝ մշտապես Նարեկի կողքին գտնվելու եւ աջակցելու համար:
Շնորհակալություն Նորատուս գյուղի բնակչությանը, պատանիներին՝ հանձինս Հովհաննես Օհանյանի եւ համակուրսեցիների՝ իրենց կազմակերպած անձնվեր գործի համար:
Հարգելիներս, ձեր հանձնած արյան յուրաքանչյուր կաթիլը երկարացրել է պատանու կյանքը:
Օհանյանների ընտանիք
Նարեկ Օհանյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 13-ին՝ Նորատուս գյուղում:
«Առավոտ» օրաթերթ