Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայոց աշխարհ». Վիլնյուսից հետո սպասվում են նոր զարգացումներ

Դեկտեմբեր 14,2013 10:51

   Հայաստանը կարող է առավելագույնը քաղել

«Արեւելյան գործընկերության ինտեգրում եւ համագործակցություն» ծրագրի շրջանակում 87 մլն եվրո լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին, Վրաստանին եւ Մոլդովային: Կոնկրետ Հայաստանին Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է հատկացնել 25 մլն եվրո:
Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այդ առնչությամբ մասնավորապես նշել է. «Այս տարի երեք արեւելյան գործընկերները խրախուսվեցին ժողովրդավարության վերափոխման գործում իրենց ջանքերի եւ հիմնարար արժեքներին հավատարիմ լինելու համար: Հույս ունենք, որ այս խումբը հետագայում կընդլայնվի:
Լրացուցիչ ֆինանսավորում նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին եւ համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտներ կբերեն քաղաքացիների կյանքում»:
Տարածված հաղորդագրության համաձայն, կոնկրետ Հայաստանի պարագայում 25 մլն եվրոյի այդ լրացուցիչ ֆինանսական օժանդակությունը կուղղվի կոռուպցիայի դեմ պայքարին եւ քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխումներին:
Զուգահեռաբար նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովն ընդլայնել է Հայաստանում քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ուղիղ աջակցությունը, այդ թվում՝ «Արեւելյան գործընկերության ինտեգրում եւ համագործակցություն» ծրագրով նախատեսվող ֆինանսավորմամբ:
Չնայած կարող է ասվել, որ 25 մլն եվրոն առանձնապես ահռելի գումար չէ, բայց նույնիսկ այդպես ասողները կհամաձայնեն, որ Եվրամիությունն ու եվրոպական գործիչներն այնքան օգտապաշտ (պրագմատիկ) են, որ հենց այնպես երկուսուկես տասնյակ միլիոն եվրո գումարը, պատկերավոր ասած, «քամուն» չէին տա:
Բացի Ֆյուլեի մեջբերված միանգամայն խոսուն գնահատականներից արժե նկատել. նշված քայլը զուտ քաղաքական տեսանկյունից ամենից առաջ նշանակում է, որ Եվրամիություն-Հայաստան սերտ համագործակցությունը շարունակվում է: Ու դա ոչ թե դիվանագիտական ու ընդհանրական ֆրազ է, այլ կոնկրետ նպատակով ու կոնկրետ խնդիրներ լուծելու համար որոշակի ֆինանսական աջակցությամբ արտահայտված քայլ:
Դժվար է ասել, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Եվրամիության նման աջակցությունը Հայաստանին որքանով առաջ կմղի: Բայց քաղաքական տեսանկյունից ու, նախընթաց զարգացումների խորապատկերում, սա իսկապես կարեւոր, անգամ կարելի է ասել՝ ազդանշանային քայլ է:
Սա էական է հատկապես այն տեսանկյունից, որ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունից հետո հայրենի գաղափարական ու «աշխատավարձով» արեւմտամետները առատորեն մոխիր էին ցանում եւ տակավին ցանում են Հայաստանի «գլխին», մեր երկրի «եվրոպական զարգացման հեռանկարներն» են ողբում, մեր պետության մասին խոսում են ոչ այլ կերպ, քան որպես «ռուսական գուբերնիայի», մի խոսքով՝ զբաղված են յուրատիպ քաղաքական մազոխիզմով:
Մյուս կողմից՝ նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Եվրամիությունը այսուհետեւ ձգտելու է ավելի կենտրոնացված ջանքեր գործադրել՝ «քաղաքացիական հասարակության», այսինքն՝ յուրային ընկալվող անձանց ու շրջանակներին խրախուսելու, նրանց միջոցով հասարակական-քաղաքական անցուդարձում իր համար ավելի նպաստավոր իրավիճակ ստանալու համար:
Հաջորդ տեղեկատվությունը թեպետ նման պաշտոնական կարգավիճակ չունի, բայց ոչ պակաս ուշագրավ է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա հունվարից Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կսկսվեն բանակցություններ նոր փաստաթղթի շուրջ, որի մեջ կլինեն նաեւ տնտեսական տարրեր: 

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031