Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞ւր էին հանրապետականները, իրենք բողոք չունեի՞ն

Դեկտեմբեր 13,2013 21:16

Վերլուծելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուիի՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կատարած այցը` հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանն ասաց. «Եթե դիվանագիտության տեսանկյունից նայենք դա Դավութօղուլիի այցը չէ Հայաստան, եկել է համապատասխան Սևծովյան համագործակցության շրջանակներում մասնակցելու աշխատանքներին, դա օրակարգային է և չի կարելի ասել, թե Թուրքիայի արտգործնախարարը  այց է կատարել Հայաստան: Էդպիսի ձևակերպում տալը արդեն իսկ բովանդակությունը կփոխի, այդպիսին չի եղել»:

Ըստ մեր զրուցակցի,  Երևանում  Թուրքիայի արտգործնախարարին  բողոքի ակցիաներով դիմավորելը  շատ տեղին է, միայն թե ամոթ էր, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքական միավորներն էին պահանջատեր: «Նրանք, ովքեր ինչ-որ ներդրում ունեն Հայաստանի հանրապետությունում, ես ուզում էի էնտեղ բոլորին տեսնել: Ինչո՞ւ բոլորը այնտեղ չէին, իմ մոտ այդ հարցն է առաջ գալիս, նույնիսկ այս հարցի շուրջ չենք կարող համախմբվել:

Ես չեմ ասում էնտեղ ինչ-որ տուրուդմփոց, հարայհրոց, չէ, ուղղակի…Իսկ ինչո՞ւ պիտի լիներ «Ժառանգություն»-ը, ՀՌԱԿ-ը, «Դաշնակցություն»-ը, բա ո՞ւր էին հանրապետականները, իրենք չունե՞ն բողոք, թեկուզև երիտասարդական թևերով մասնակցություն, նախախորհրդարան, քաղաքացիական նախաձեռնություններ: Ես հասկանում եմ Կոմիտասում ինչ-որ փոսերի մեջ կարող եք պառկել հա, եղբայր, բա ազգային խնդրի շո՞ւրջ, թե չեք համարում, որ սա կարևոր է:

Ընդամենը հիշեցման ակտ է, որ մենք զգաստ ենք, չեմ ասում մենք էնտեղ հավաքվել ենք, Փառք մեր երիտասարդներին, որ հետո մուտքը կազմակերպված ազատեցին, որ հյուրը գնա մուտքով, թե չէ կարելի էր փակել, սա էլ մեր գեղեցիկ ժեստն էր , թե տես ախպերս, մենք քեզ ցույց տվեցինք, որ մենք զգաստ ենք, բայց չխախտեցինք հյուրասիրության կանոնը, մենք մնացինք մեր պարկեշտության մեջ ու գեղեցիկ էր սա: Բայց ինձ համար անհասկանալի էր` ինչո՞ւ ոչ բոլոր քաղաքական ուժերը կամ մարդիկ,  ովքեր քաղաքականության մեջ ինչ-որ ներդրումներ ունեն կամ ուզում են ունենալ. ԱԺ պատգամավորներ: Եվրոպական ամբիոններից ինչ-որ բաներ բարձրաձայնելը հե՞շտ է , բա ձեր մայրաքաղաքո՞ւմ…Ես նորից եմ ասում դա հյուրասիրության կանոնների խախտում չէ, սա իմ ազգային խնդիրն է, որը ես բարձրաձայնում եմ ոչ թե Դավութօղլուիի համար, այլ աշխարհի:

Քավ լիցի, ես գիտեմ, որ Դավութօղլուին իր հոգու խորքում գիտի էս ամբողջի մասին»:

Ըստ մեր զրուցակցի, այժմ ժամանակն է  լացուկոծից անցնել պահանջատիրությանը: «Մենք հասարակությամբ, ազգովի, պետական իշխանության տեսանկյունից  որոշ վերագնահատումներ, շեշտադրումներ փոխելու պետք ունենք իմ պատկերացմամբ, որովհետև այլ բան է, երբ որ մենք խոսում ենք Հայ դատից, ուրիշ բան է, երբ 21-րդ դարում, հարյուրամյակի նախաշեմին ենք խոսում դրանից: Բովանդակությունն ու շեշտադրումները մի փոքր փոխել է պետք: Ավելի շատ շեշտադրումը պետք է տանել, կներեք բառիս համար, լացուկոծից մենք պետք է անցնենք պահանջատիրության: Մենք ուղղակի պահանջում ենք` առանց լացուկոծի, չենք էլ ուզում, որ ինչ-որ մեկը ճանաչի կամ չճանաչի հայոց ցեղասպանությունը, քավ լիցի աշխարհը դա գիտի, բոլորը դա գիտեն, պետք չէ ապացուցել դա, պետք չէ դրա վրա շատ ջանքեր թափել: Բայց խնդիրը ուրիշ տեսանկյունից պետք է նայել, մենք ունենք Սփյուռք, որը, ըստ էության կազմավորվել է այդ ողբերգական իրադարձությունների արդյունքում: Եվ Սփյուռքում  մենք անելիքներ ունենք արդեն իսկ` կապված ազգային մշակույթի, հայապահպանության խնդիրների, որովհետև 21-րդ դարում հայոց ցեղասպանության և հայ դատի խնդիրը իմ աչքին կարծես կամաց-կամաց սպառում է  իրեն»:

Աշոտ Հակոբյանի համոզմամբ, մեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է, մենք ունենք ջլատվող , արյունահոսող, արտագաղթող,  թույլ հասարակություն, մինչդեռ պետք է հաղթաթուղթը ծանրացնել այս խաղի մեջ, այլապես երկար բլեֆ անել չենք կարողանա:

«Ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարարը այդպիսի վարք դրսևորում (ի նկատի ունի ցեղասպանությունը տեղահանություն անվանելը), որովհետև մենք նախապատրաստել ենք դա, նախապատրաստել ենք մի քանի տարի առաջ` տխրահռչակ ինչ-որ նախապայմաններով, նախաստորագրություններով, տխրահռչակ փաստաթղթերով, որ մինչև հիմա ունենք մեր Ազգային ժողովում: Իհարկե, բողոք եղավ և պահանջ եղավ. ի՞նչ ենք ուզում ինքներս մեզ ապացուցել, ինչ-որ հանձնախո՞ւմբ գիտնականների և այլ և այլն: Այսինքն` մենք ստիպեցինք, որ ինքը նախահարձակ լինի, մեր պասիվությամբ, մեր կրավորական կեցվածքով, ես չգիտեմ ինչո՞ւ է մեր արտաքին քաղաքականությունը էդպիսին», -ասում է Աշոտ Հակոբյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031