Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` այսօրվա նիստում մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը միջնորդեց «Նուբարաշենք» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալի Դավիթ Մուրադյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Մեղադրողը գտնում է, որ Դ. Մուրադյանին մեղսագրված արարքները լիովին ապացուցված են, և նրա արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:
Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ն աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ. օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից:
Կաշառքն, ըստ մեղադրողի, ամբաստանյալն ստացել է՝ դատապարտյալի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար, մասնավորապես՝ առանց բավարար հիմքերի՝ դատապարտյալին ՔԿՀ-ի բուժմաս տեղափոխելու, տևական ժամանակ այնտեղ պահելու, դատապարտյալին նրա կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության, պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ բջջային հեռախոս պահելու և դրանից օգտվելու համար:
Կարդացեք նաև
Արտակ Հակոբյանից, ըստ մեղադրողի, ամբաստանյալը պահանջել և որպես կաշառք դատապարտյալից անձամբ և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ստացել է 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում: