Ակադեմիան բացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին և ներառված է ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի կազմում:
Դեռևս երկու տարի առաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) և «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագիր:
Եվ այսօր, ամփոփելով երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասաց. «Հայաստանի ՏՏ ոլորտը բավականին մեծ զարգացում է ապրել, և ես կարծում եմ, որ այն մեր տնտեսության ամենահաջողակ ոլորտներից մեկն է այսօր: Ամենամեծ խնդիրը, որ ունի ոլորտը հիմա, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է: Մեկ անգամ չէ, որ դժգոհություններ ենք լսել շրջանավարտների գիտելիքների մակարդակի հետ կապված, և մեր համագործակցության հիմնական նպատակը այս խնդրի կարգավորումն է»:
Նրա խոսքով՝ այս համագործակցությունից շահել և շահում են բոլոր կողմերը: Տեղական ընկերությունները շահում են, որովհետև կարողանում են ձեռք բերել որակյալ կադրեր: «Մայքրոսոֆթ»-ը շահում է, քանի որ, այսպես ասած՝ իր ապրանքն է ներկայացնում՝ այդպիսով ընդլայնելով իր հնարավորությունները շուկայում: «Ակնհայտ է, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ փոխշահավետ համագործակցություն»,- ընդգծեց Գ. Բարսեղյանը: Ըստ նրա՝ բուհը շահում է համագործակցության արդյունքում, քանի որ վերապատրաստումների շնորհիվ բարձրանում է դասախոսների պատրաստվածության մակարդակը, իսկ ուսանողները նախ և առաջ ստանում են ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ և հավաստագիր՝ ամենամատչելի գներով:
Կարդացեք նաև
ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանի խոսքով՝ Microsoft ՏՏ ակադեմիայի ծրագրին մասնակցելով՝ ՀՊՃՀ-ն ձեռք է բերել համապարփակ ուսումնական ծրագրեր, տեխնիկական հնարավորություններ և ռեսուրսներ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ