Դեկտեմբերի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-երի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր է և պետք է դիտվի առաջին հերթին պատմական համատեքստում: Դեսպանը նշեց նաև, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեցող հարց է և կարևոր է առաջին հերթին նմանատիպ ողբերգություններից հետագայում խուսափելու համար:
ՀՀ դեսպանի խոսքին հաջորդեց քաղաքագետ, լրագրող Ա.Մելիք-Շահնազարովի ելույթը: Նա մասնավորապես նշեց, որ Ցեղասպանության խնդիրը և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշեց, որ այս միջոցառումն էլ ավելի արդիական և կարևոր է 2013թ նշվող ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվեցիայի 65-րդ տարելիցի համատեքստում:
Կարդացեք նաև
Յուրի Նավոյանի ելույթին հաջորդեց «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանի ելույթը: Մեջբերելով առաջատար, հեղինակավոր պատմաբանների կարծիքները` նա խոսեց Ռուսաստանի հայ համայնքի վերակազմավորման անհարժեշտության մասին, հիշատակեց Ցեղասպանության հարցում հայ համայնքի համախմբման համար անհրաժեշտ գործոնները:
Միջոցառման ավարտին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը անցկացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրման արարողությունը: Մասնավորապես «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանին շնորհվեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, գրող, սցենարիստ, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լևոն Գրիգորյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:
Միջոցառման ավարտին հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կետնրոնի սաների կատարմամբ:
ՀՀ ԱԳՆ