Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստինֆո»․ Վարորդները չճանաչեցին Դավիթ Թամրազյանին. մութ էր, չեն տեսել

Դեկտեմբեր 13,2013 18:51

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` 26-ամյա Դավիթ Թամրազյանը 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև վերջինիս անակնկալ նվեր ունի տալու, աղջկան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ աղջկան «դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով» սպանությունը կատարվել է այն պատճառով, որ Դ.Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել այդ պահին իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից:

Սպանության մասին հայտնի էր դարձել հրդեհի վերաբերյալ ահազանգի հետևանքով: Հրդեհը մարելուց հետո օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել էր 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:

Մայիսի 19-ին` ժամը 09:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով` Ավանի Քուչակ թաղամասի շենքերից մեկից բերման էին ենթարկել 1987թ. ծնված Դավիթ Թամրազյանին, ով, ըստ ոստիկանության հաղորդագրության, խոստովանել էր, որ մայիսի 7-ին` ժամը 23:20-ի սահմաններում, հյուրընկալվել էր Մարիամ Հունանյանի մոտ և իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով պարանոցը կտրելով` սպանել էր նրան:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանությունը, և 185-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն, իհարկե, մեղավոր չի ճանաչում: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Դ.Թամրազյանը առաջ է քաշում սպանության սեփական վարկածը: Ըստ այդմ, սպանությունը կատարել է ոմն Խաչիկը, ով Սատանայապաշտ ոհմակի ղեկավար է, և սպանությունը ոչ այլ ինչ է, քան ծիսակատարություն: Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ ըստ նախաքննության մարմնի՝ Դ.Թամրազյանը սպանություն է կատարել, սպանության պրոցեսը տեսանկարահանել ու տեսագրությունը ցույց տվել երրորդ անձի, ինչը հիմնավոր կասկած պետք է հարուցեր մեղադրյալի հոգեկան վիճակի մասին ու ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմք հանդիսանար, ինչը նախաքննական մարմնի կողմից չի արվել:

Այսօր դատարանում սկսվեց վկաների հարցաքննությունը: Վկաներ, տաքսու վարորդներ Հայկ Խաչատրյանը և Տարոն Ջավադյանը շատ ժլատ տեղեկություններ հայտնեցին. դեպքի օրը առաջինը «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտից երիտասարդի է տեղափոխել, իսկ երկրորդը՝ աղջկա ու երիտասարդի: Երկու դեպքում էլ վարորդները՝ ի դեմս իրենց տղամարդ ուղևորի, չճանաչեցին Դավիթ Թամրազյանին. մութ էր, չեն տեսել:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031