Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի սահմանամերձ, հեռավոր Չինարի գյուղում վերջին հրաժեշտն են տվել Վայքի զորամասերից մեկում ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանին: Սգո արարողությանը մասնակցել են Չինարիի եւ հարեւան սահմանամերձ համայնքների հարյուրավոր բնակիչներ, համայնքապետեր, զինվորականներ Բերդի տարածաշրջանից եւ այն զորամասից, ուր ծառայում էր Վանիչկա Հովակիմյանը: Չինարիի բնակիչներն ասացին, որ թաղման ժամանակ Վանիչկայի հոգու հանգստության համար աղոթել է Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ, ծագումով Չինարիից Տեր Արամ քահանա Միրզոյանը, հնչել է ՀՀ պետական օրհներգը, արձակվել զինվորական համազարկ: Ի դեպ, Վանիչա Հովակիմյանի զորամասը 4-րդ բանակային կորպուսի կազմում է, որի հրամանատարը ծագումով չինարեցի գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է:
Որդեկորույս զինվորի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը որդու համար հոգեհաց է տվել: Նա ասել է, որ խոշոր եղջերավոր անասուններ էր պահում Վանիչկայի բանակից վերադարձին կերուխում կազմակերպելու, նրա ուսման վարձը հոգալու եւ այլ ուրախ առիթների համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ