ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ նոր վարկային ծրագրի մանրամասներ: Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բարեփոխումների գործում՝ ԿԳ նախարարը նշել է, որ վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով: Ա. Աշոտյանը, մասնավորապես, կարևորել է նախադպրոցական կրթության, նորարարությունների հիմնադրամի և ԿՏԱԿ-ի կարողությունների զարգացմանը միտված ուղղությունները:
Բացի այդ, նախարարը հատուկ ընդգծել է հանրակրթական ուսումնական ծրագրերի վերանայման խնդիրը: Առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոն իր հերթին տեղեկացրել է, որ 2014 թվականի հունվարին նախատեսվում են համապատասխան քննարկումներ ՀԲ-ի խորհրդում, իսկ ծրագրի ներկայացումն ակնկալվում է մարտ ամսին:
Նշենք, որ նոր ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին, միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, հիմնական կրթական ինստիտուցիոնալ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն