Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30 ամյա տղամարդը «Վստրեչի մոստի» տակ բռնաբարել է մտավոր հետամնաց 18 ամյա աղջկա

Դեկտեմբեր 13,2013 18:10

Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է , թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի:

Տուժողի մայրը վստահեցրեց, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը կույս է եղել ու իսկապես բռնություն է տեղի ունեցել. դա է հաստատում նաեւ տուժողի հագուստի վրայի արյան հետքերը: Արդեն 2 օր է՝ աղջիկն արնահոսում է, դժվարությամբ է քայլում, ու ինքնամփոփ է դարձել, սարսափելի վախեցած է, ու ժամերով լուռ է մնում, ինչպես մայրն ասաց` մտքերի մեջ ընկած:

Աղջիկը մի քանի ամիս է ինչ «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն էր այցելում, մոր պատմելով` այստեղ երեխան իրեն շատ երջանիկ էր զգում, թատերական խմբակին էր մասնակցում, սովորում էր գրել, շյուղերով գործել: Կենտրոնն իր սաներին դասերից հետո ավտոբուսով տեղափոխում էր մինչեւ բնակության վայր ու ծնողները միշտ վստահ են, որ իրենց երեխաներն ապահով տեղ կհասնեն:

Դեպքի օրը, բռնաբարված աղջկա մոր պատմելով, երեխան սովորական ժամին տուն չի գնացել, երբ ավտոբուսի վարորդից հետաքրքրվել է, վերջինս վստահեցրել է, որ երեխային արդեն իջեցրել է փողոցում: Մայրը խուճապահար գնացել է ոստիկանություն, հենց այստեղ էլ կնոջ հարազատները զանգել են ու տեղեկացրել, որ աղջիկը այլայլված ու շատ տարօրինակ պահվածքով տուն է մտել: Մայրը ոստիկանների հետ տուն է գնացել, որտեղ էլ երեխան պատմել է իր հետ տեղի ունեցածը:

Մեզ հետ զրույցում, բռնաբարված աղջկա մայրն ասաց, որ անմիջապես, երեխայի հեռախոսը տնտղելուց հետո բռնաբարողի հետքը գտել են, ոմն Գոռ, որը մոտ 30 տարեկան է, անընդհատ դեպքի օրը երեխային զանգել է, ավտոբուսի մեջ աղջկա ընկերներն էլ նկատել են, որ ինչ-որ տղամարդ է անընդհատ զանգեր կատարել ու հետաքրքրվել` որտեղ հասավ, երբ տեղ կհասնի եւ այլն: Մոր պատմելով, աղջիկը Գոռին չի ճանաչել, սակայն հետը հեռախոսով զրուցել է, քանի որ նրան բռնաբարողը վստահեցրել է, թե բարեկամ է.«Ու սպասել է, հենց ավտոբուսից իջել է երեխան, քաշել նստացրել է տաքսին ու տարել, բռնաբարելուց հետո էլ մեքենայով տուն ուղարկել: Իսկ երեխաս, երբ տաքսու վարորդին հարցել է ո՞ւր եք ինձ տանում, վարորդն ասել է, քո գործը չի, ես էս տղուն եմ լսում»:

Աղջկա մոր պատմելով, երեխան ինքնուրույն նույնիսկ չի կարողանում մազերը սանրել, հագնվել, շատ թույլ է, իսկ տղամարդը առանց ջանքեր թափելու կարող էր բռնանալ աղջկա վրա, ու խաբելով բռնաբարել:

«Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն ունի, սա նշանակում է` անձն իր գործողություններին լիարժեք հաշիվ տալ չի կարող: Տնօրենի խոսքերով` աղջիկը շատ խաղաղ ու հանգիստ երեխա էր, բայց նման երեխաներին շատ հանգիստ էլ կարելի է խաբել. «Նա ոչ կոնֆլիկտային երեխա է, բայց նրա արտաքինն անմիջապես մատնում է, որ խնդիրներ ունի, անմիջապես զգացվում են նրա մտավոր խնդիրները»: Տնօրենը վստահեցրեց, որ դիմելու են փաստաբանի օգնությանը, որպեսզի երեխայի իրավունքները պաշտպանեն, իսկ մեղավորը պատժվի:

Բռնաբարված աղջկա մոր պատմելով, երեխային բռնաբարելու միտքը կարծես թե վաղուց էր պլանավորված եղել, քանի որ մինչ բռնաբարության մեջ կասկածյալ Գոռի այդ արարքը, երեխային պարբերաբար ոմն Գեւորգ էր զանգահարել, եւ մի անգամ էլ հենց մայրն է հեռախոսը վերցրել ու նրա հետ խոսել. «Էդ Գեւորգն իմացավ, թե աղջկաս հետա խոսում, ու ժամադրեց, ուշ ժամ էր, պնդում էր էրեխեն դուրս գա, ասում էր` արի Գայի արձանի մոտ, ընդեղ «վետերոկ» կա, մի քիչ իրար կսիրենք: Ես էլ, ասացի, հիմա չեմ կարա, վաղը դասի չեմ գնա, վաղն արի Գայի արձանի մոտ: Չեկավ, ու հեռախոսն էլ մի քանի օր անջատած էր: Երբ աղջկաս հարցրեցի, թե ով է Գեւորգը, երեխան ասաց` մամա Լաուր մորքուրի բարեկամն ա, ու մենակ հարցնում ա ոնց եմ, տատին ոնց ա: Իսկ բռնաբարողը բնակվում է Արարատի մարզի Այգեստան գյուղում, ու նա աղջկաս երբեք չի էլ տեսել, անծանոթ է. կասկածում եմ, որ այդ Գեւորգն է հեռախոսահամարը փոխանցել: Մի անգամ նույնիսկ այս Գեւորգի կինն է զանգել երեխայիս ու սպառնացել, թե այ լիրբ, մարդուս հետ ինչ գործ ունես: Էրեխես լաց էր լինում, չէր հասկանում, ինչ ա կատարվում: Իսկ երբ դեպքից հետո դիմեցի ոստիկանություն, այդ Գեւորգը զանգեց ինձ ու ասաց` Գոռն իմ բարեկամն ա, ի՞նչ ա եղել, խի ես ոստիկանություն տվել, ես կորած մարդ չեմ, արի հանդիպենք հարցը լուծենք: Ասացի`ոստիկանությունն ամեն ինչ կլուծի, ինձ չզանգես: Ոստիկանությում էլ միջանցքում այդ Գոռին հանդիպեցինք, հենց երեխաս տեսավ, անմիջապես վախեցած գոռաց՝ մամա՛, մամա՛, ինքն ա, ինքն ա»:

Ուշագրավն այն է, որ բռնաբարված աղջիկը, ինչպես մայրն ասաց` մտքերը մինչեւ վերջ չի կարողանում շարադրել, խոսքը կիսատ է թողնում, այսինքն` հասուն տղամարդը, նույնիսկ առանց տեսնելու, միայն հեռախոսով խոսելով կհասկանար, որ աղջիկը մտավոր խնդիր ունի, եթե, իհարկե, այդ մասին Գեւորգը նախապես չէր ասել բռնաբարության մեջ կասկածվող Գոռին: Իսկ մայրը, վստահ է, որ Գոռին երեխայի հեռախոսահամարը տվել է հենց Գեւորգը:

Մայրը մեզ հետ զրույցում փորձում էր վերլուծել ու հասկանալ, թե անծանոթ տղամարդիկ ինչպես են ձեռք բերել հիվանդ աղջկա հեռախոսահամարը, եւ, անձն ինչ աստիճանի անասնական բնազդներով պիտի շարժվի, որ շաբաթներով պլանավորի մտավոր հետամնաց երեխայի բռնաբարությունը:

«Օգտվել են երեխայի միամտությունից, բայց ախր մենք միշտ շատ ուշադիր ենք եղել, ես միշտ զգուշանում էի` բալես քեզ կարող ա ասեն` տար այսինչ բարեկամի տան տեղը ցույց տուր, կամ մի հատ ճանապարհ ցույց տուր, չհամաձայնվես, հենց նման բան լինի, ասա մեզ, էրեխեն էլ ասում էր` հա մամ ջան»:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ Էրեբունու քննչական բաժնում արդեն գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` բռնաբարություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031