«Անցած տարի նույնպես այս օրերին անցկացվեցին Կորեայի մշակույթի օրերը Հայաստանում, որից հետո ես այստեղից հեռացա, ասես՝ Կորեայից Հայաստան վերադառնալիս լինեի»,- դեկտեմբերի 13-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցած «Կորեայի մշակույթի օրեր» խորագիրը կրող փառատոնի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության հյուպատոս Արմեն Աբրահամյանը:
Նա առաջարկեց հաջորդ տարի՝ փառատոնի ընթացքում կազմակերպել մրցույթ, որին կմասնակցեն լեզուն ուսումնասիրող բոլոր համալսարանների ուսանողները:
Փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համալսարանում:
Կարդացեք նաև
Այս տարի այն բաղկացած էր երկու մասից՝ նախ տեղի ունեցավ կորեական ճաշատեսակների փառատոնը, ապա՝ բուն մշակութային միջոցառումը: Նրա ընթացքում կորեերեն ուսումնասիրող ուսանողները կատարեցին կորեական եւ հայկական ազգային երգերն ու պարերը, ցուցադրվեց իրենց կողմից նկարահանված հայ-կորեական հարսանիքի մասին կորեական ֆիլմ եւ հայկական «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա կորեերեն բեմադրված ներկայացում: Իսկ ՀՀ ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները ներկայացրեցին «Բերդ» պարը թեքվանդո մարզաձեւի շարժումներով: Միջոցառման նպատակն է զարգացնել կորեերենը Հայաստանի Հանրապետությունում:
Միջոցառման կազմակերպիչ, ԵՊԼՀ կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի պատասխանատու Սյուզաննա Մեջլումյանի խոսքերով՝ Լեզվաբանական համալսարանը միակ համալսարանն է, որտեղ ուսուցանվում է կորեերենը՝ որպես երկրորդ եւ երրորդ օտար լեզու, իսկ նոր ուսումնական տարուց արդեն այն կդասավանդվի որպես առաջին օտար լեզու.
«Փորձում ենք առավելագույնս ներկայացնել կորեական մշակույթը, բայց համեմված հայկական տարրերով: Ամեն տարի փորձում ենք մի նոր բան ավելացնել. Օրինակ՝ առաջին տարվա միջոցառումը միայն կորեական է եղել, երկրորդ տարին փորձել ենք հավասար բաժանել եւ ներկայացրել ենք թե՛ հայկական մշակույթը, թե՛ կորեական: Իսկ այս տարի շատ հավասար միախառնել ենք, այսինքն՝ մեկ ելույթի մեջ կարող է լինել թե՛ հայկական, թե՛ կորեական տարրեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ