Այսօր Aravot.am-ը ահազանգ ստացավ ընթերցողներից այն մասին, որ Երևան-Գյումրի մայրուղու դժվարանցանելի լինելու պատճառով՝ տեղ չեն հասել օրվա թերթերը:
Լրագրող Համլետ Մոսինյանը, որն ամեն օր պարտադիր Գյումրու տեխնոպարկի կողքին գտնվող կրպակից գնում է բոլոր թերթերը՝ նկատել է, որ կրպակում չկա անգամ Գյումրիում հրատարակվող «Ասպարեզ» օրաթերթը, և երբ հետաքրքրվել է` հո Ասպարեզն էլ Երևանից չե՞ն բերում, նրան պատասխանել են` ի՞նչ անենք, բոլոր թերթերը նույն մեքենայով են առաքվում:
Մենք Գյումրու Անի թաղամասի մանկավարժական ինստիտուտին հարակից թերթի կրպակից մեկ անգամ ևս փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ օրվա թերթերը չկան վաճառքի: Ի պատասխան ասացին, որ պատճառը սառնամանիքներն են, այսօրվա թերթերը ամենայն հավանականությամբ կառաքվեն վաղը, եթե, իհարկե, ճանապարհները բաց լինեն, եղանակը համը չհանի:
Նկատենք, սակայն, որ այսօր Երևան -Գյումրի ճանապարհը բաց է եղել, փոքր-ինչ դժվարանցանելի, սակայն մարդիկ բարեհաջող հասել են մայրաքաղաք:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ