Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը, պատասխանելով հարցերին, թե ի՞նչ տվեց այն Հայաստանին եւ Թուրքիային, կարելի՞ է ասել, որ սա հենց այնպես տեղի ունեցած այց էր կամ ո՞վ ավելի շահեկան վիճակում հայտնվեց, չնայած անգամ սահմանների բացման մասին խոսք չեղավ՝ ասաց. «Այն արձանագրությունները, որոնք, ըստ էության, կասեցվեցին ու քայլ չարվեց դեպի Հայաստան՝ այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական եւ քաղաքական իմաստով առավելության մեջ է, որովհետեւ դա ոչինչ չէր նշանակելու, արված էր համաշխարհային հանրության համար: Թուրքի կողմից այսպես էր, սակայն, իհարկե, մենք կուզենայինք Թուրքիայի հետ հարաբերություն ունենալ, գոնե անվտանգության նկատառումներով, բայց նրանք չեն անում դա: Ես ուզում եմ հայ հանրությանը հարց տալ, իսկ ի՞նչ էիք սպասում Դավութօղլու գալուց, որ չի եղել, սա ընդամենը արարողակարգային այց էր: Նա եկավ ու գնաց: Բայց նա չէր եկել Հայաստան, պարզապես եկել էր համաժողովին մասնակցելու»:
Լեւոն Շիրինյանի ձեւակերպմամբ`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փայլուն քայլ արեց, ասելով, թե Դավութօղլուին չի ընդունելու:
Լեւոն Շիրինյանը գտնում է, որ Թուրքիան ուզում է Հայաստանի մեկուսացումը, աղքատացումը խորանա, Հայաստանը դուրս գա Արցախից, ինչն ըստ նրա` «Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆոկուսի արդյունքն է, բայց նման բան երբեք չի լինի, իսկ թուրքերը պետք է մտածեն, որ դուրս չմղվեն Անդրկովկասից եւ Արցախում մենք ակտիվություն չցուցաբերենք: Դավութօղլուն եկավ, որ Եվրոպային քծնի, ասի, թե գնացել եմ Հայաստան, է՞լ ինչ եք ուզում»:
Լեւոն Շիրինյանը Դավութօղլուին նմանեցրեց Հիտլերի հետ, ասելով հետեւյալը` «Նա թաթը մտցրեց Պաղեստին, իբրեւ թե արաբների համար, բայց հրեաները տվեցին աչքը հանեցին, հիմա թաթը կոխել է Սիրիա, այն էլ այնպես են կռվում, չի կարողանում իրեն կարգավորել: Եգիպտոսից եւս արաբները շպրտեցին դուրս, սպառնացին, հիմա էլ` ակտիվանում է Հարավային Կովկասում, բայց մենք էլ ենք դուրս շպրտելու»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ