Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը կինտեգրվի՞ Մաքսային միությանը

Դեկտեմբեր 13,2013 16:44

«Եվրոպական ինտեգրացիա- 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի այսօր կայացած նիստում  ՀԱԿ կուսակցության դիրքորոշումը խնդրին ներկայացրեց Վլադիմիր Կարապետյանը, որն ափսոսանք հայտնեց, որ «Վիլնյուսից հետո» համաժողովի ժամանակ քննարկվում է ոչ թե այն, թե ինչ հեռանկարներ բացվեցին Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո, այլ այն, թե ինչ ունենք՝ չստորագրելով համաձայնագիրը:

Նա ասաց, որ «այս իշխանությունների պարագայում» չէր էլ կարող որեւէ հաջողություն գրանցվել ԵՄ հետ ասոցացման հարցում: Եվ տեղեկացրեց, որ բազմիցս առիթ է ունեցել ՀԱԿ-ը Եվրամիության ղեկավարությանը զգուշացնելու, որ բանակցությունները որեւէ հաջողությամբ չեն կարող ավարտվել, քանի որ Եվրոպան գործ է բռնել ոտից գլուխ կոռումպացված իշխանությունների հետ, որոնք չեն պաշտպանում Հայաստանի քաղաքացիների շահերը, միայն իրենց իշխանության երկարակեցությունն են ուզում ձգել: «Մենք բացում էինք եվրոպացիների աչքերը, ասելով, որ այս իշխանությունները ձախողել են բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ հայ-թուրքական»,-ասաց Վ. Կարապետյանը, նկատելով, որ իշխանությունների անհետեւողականության արդյունքում իսպառ դադարեցվեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, եւ արդեն վեց տարի է՝ որեւէ երկիր պետական մակարդակով չի ճանաչել ցեղասպանությունը՝ ՀՀԿ իշխանության տարիներին:

Նա նաեւ դիվանագիտական լեզվից թարգմանեց Վլադիմիր Պուտինի ասածը, թե զարմացած են, թե ինչ արագությամբ են հայերը պատրաստվում Մաքսային միությանը միանալուն. «Դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ իրենք ինչ թուղթ տալիս են՝ մերոնք սուսուփուս ստորագրում են՝ առանց կարդալու»:

Վ. Կարապետյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Եվրոպայում, եվրոպական տարբեր կառույցներում կար հայամետ թիմ՝ այլազգի պատգամավորներից, որոնք մեր շահերն էին պաշտպանում, եւ հիմա՝ սեպտեմբերի 3-ից հետո, «նրանց նկատմամբ վստահելիությունը 0-ի է հավասարվել», եւ այլեւս ոչ մի արդյունքի չեն կարող հասնել, ու այս պայմաններում թուրքական լոբբինգի համար հիանալի հնարավորություն կա՝ օգտվելով առիթից, որ մեր կողմնակիցները կորցրել են ազդեցությունը, անցնել նոր գրոհի:

Նա նաեւ ցանկացավ պատասխանել բոլոր այն ուժերին, ովքեր «իր քաղաքական ուժին» ներկայացրել են որպես «ոչ եվրոպական քաղաքականության կրող»: Որպես ապացույց այն բանի, որ ՀԱԿ-ը ամենեւին էլ «ոչ եվրոպական քաղաքականության կրող» չէ, նա հիշեցրեց, որ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ասել է. «Եթե ՀԱԿ-ը վարեր ԵՄ հետ բանակցությունները, մենք կհասնեինք նրան, որ կստորագրեինք համաձայնագիրը»:

Ի պատասխան այս պնդման՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ «ով էլ լիներ իշխանության, ճշգրտությամբ նույնը անելու էին» եւ հավելեց՝ «եթե խելացի լինեին». «Կամիկաձե լինելը մեր պետության համար չի, մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա եւ այլեւ վաղվա համար»:

Նա նաեւ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ հետ բանակցային գործընթացներում որոշիչ եւ գերակայություն ունեցող հարց է եղել: Եվ ասաց մի հետաքրքիր տեղեկություն՝ «ԼՂՀ-ն եւս ունենալու է հնարավորություն՝ օգտվել Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացներից: Չեմ ուզում դետալների մեջ մտնել, թե ինչպես է դա տեղի ունենալու, բայց դա այն քաղաքական կողմնորոշիչներից, այն հանգամանքներից է, որի արդյունքում մենք ընտրեցինք Մաքսային միությունը»:

Ա. Զաքարյանը նաեւ հայտնեց, որ ծանոթ է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրին, որոնցում կային կենսական նշանակության խնդիրներ՝ մեր անվտանգության հետ կապված, եւ դրանք արդարացնում են Հայաստանի կողմից կայացրած որոշումը:

Որպես վկայություն այն բանի, որ ՄՄ-ին անդամակցելը՝ ԼՂ պահով ճիշտ որոշում էր, պարոն Զաքարյանը նկատեց, որ դրանից հետո վերսկսվեց բանակցային գործընթացը, Ադրբեջանն էլ թուլացրեց հակահայկական հռետորաբանությունը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. artur says:

    Որոշ մարդիկ կամ չեն հասկանում կամ հանուն մի բան ասած լինելու ինքնագովազդի նպատակով, որ հայաստանի ճանապարհը միայն ՄՄ էր այլապես ռուսաստանի ձեռքով հայաստանում քարը քարին չեր մնա:Թե ինչ որ մեկը կհավատա , որ հայաստանի բանակը կկարողանա երկիր պաշտպանել? Ւնձ ոչ մեկից պակաս ազգասեր չեմ համարու , հենց այդ պատճառով էլ գերադասում եմ իրավատես լինել:Ավարայրի կրկնությունը գուցե հետակայում պատմությանը պետք լինի , բայց այսօր ում է պետք?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031