Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը գտնվում է նորգաղութային կախյալության վիճակում, երկրում տիրում է կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկած համակարգային ճգնաժամ և աղետալիության սահմանն անցած արտագաղթ: Այս ամենին գումարվում է արտաքին ուժերի հետզհետե ուժեղացող ճնշումը, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվում է գոյություն չունեցող դե-ֆակտո անկախության հետ միասին նաև դե-յուրե անկախությունը կորցնելու և դասական գաղութացման ենթարկվելու վտանգին դեմ հանդիման:
Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը, կանխազգալով այդ վտանգը և իր ստեղծման օրվանից ահազանգելով դրա մասին, գործնական քայլեր է ձեռնարկել ժողովրդի գիտակցությունն արթնացնելու և դիմադրություն կազմակերպելու ուղղությամբ: Այդ նպատակով նա մշակել և Հայաստանը նորգաղութային կախյալությունից ազատագրելու և Նոր որակի հայկական պետություն կառուցելու ծրագիր և ձեռնամուխ է եղել դրա իրագործմանը:
Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ ներկայումս Ծրագրի առաջին` նախապատաստական փուլի հիմնական աշխատանքը մոտենում է ավարտին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Հայաստանի գաղութացումը և համակարգային ճգնաժամը նոր թափ են առնում, մինչ օրս կատարած իր աշխատանքին զուգահեռաբար արագացված տեմպերով մեկնարկում է Ծրագրի հաջորդ փուլը: Դրա ընթացքում հիմնական քայլերն ուղղված են լինելու Հայաստանում ու արտերկրի գաղթօջախներում ժողովրդին ցանցային սկզբունքով համախմբելուն և առկա պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող հիմնական պետական մարմինները ձևավորելուն:
Ծրագրի համաձայն` այդ փուլում նախատեսվում է ձևավորել ապագա հայկական պետության օրենսդիր մարմինը` Հիմնադիր խորհրդարանը, որը հետագայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ ու ուժով կհեռացնի հանցավոր վարչախմբին և Անցումային փուլում կստանձնի երկրի կառավարումը: Հիմնադիր խորհրդարանը բաղկացած է լինելու 65 անդամից և գործելու է ոչ միայն որպես օրենսդիր մարմին, այլև որպես ազգային-ազատագրական շարժման կառավարման մարմին:
Կարդացեք նաև
Նախախորհրդարանն արդեն հաստատել է Հիմնադիր խորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշները, որոնք առաջիկա օրերին կհրապարակվեն:
Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը ձեռնամուխ է եղել հետզհետե ավելի հավանական դարձող ֆորս-մաժորային սցենարի պարագայում ժողովրդի հաղթանակի համար անհրաժեշտ գործողությունների պլանի մշակման և նախադրյալների ձևավորման գործին:
Նախախորհրդարանի մամուլի հաղորդագրություն
Աստված Ձեզ ուժ ու եռանդ տա։