Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը կարծում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալը դեռ հստակ չի՝ «սատանան մանրուքների մեջ է»

Դեկտեմբեր 13,2013 16:00

Եվրոպական ինտեգրացիային նվիրված «Եվրոպական ինտեգրացիա- 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» անունը կրող միջազգային համաժողովում , երբ իրենց տեսակետներն էին հայտնում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, Հայաստանի՝ ԵՄ հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա կասկած հայտնեց Հայաստանի՝ Մաքսային միությունում գտնվելու ապագայի վերաբերյալ, նկատելով, որ Մաքսային միությունը ծրագրված է երեք երկրների համար՝ ՌԴ, Բելառուս եւ Ղազախստան, եւ նոր գործընկերների մուտքն այդ միավորում՝ փաստաթղթային եւ գործնական առումով հեռանկարային չէ:

Նա նաեւ ասաց, որ երբ անգամ ՄՄ չինովնիկների հետ է քննարկվում Հայաստանի՝ ՄՄ մտնելու կապակցությամբ որեւէ մանրամասնություն, ակնհայտ է դառնում, որ իրենք էլ լավ չեն պատկերացնում՝ կստացվի՞ այդ միությունը, թե՞ ոչ:

Բազմաթիվ տեխնիկական եւ գործնական խնդիրներ ի ցույց հանելով, պարոն Պողոսյանը հիշատակեց նաեւ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած եւ ակտիվորեն դեպի ստորագրում գնացող Վրաստանի եւ ՄՄ մտնելու պատրաստ եւ ՄՄ հետ սահման չունեցող Հայաստանի հարեւանությունը. «Ո՞վ է բանակցելու երկու տարբեր համակարգերում գտնվող Հայաստանի եւ Վրաստանի սահմանի վրա մաքսային խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանն ու Վրաստա՞նը, թե՞ Մաքսային միությունն ու Եվրամիությունը»: Նշելով այդ տեխնիկական խնդիրները՝ պարոն Պողոսյանը հիշեց «Սատանան մանրուքների մեջ է» ասացվածքը:

Նա նաեւ միջազգային համաժողովին ներկա օտարերկրյա փորձագետների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանն ունի ամեն օր պատերազմի կոչեր անող հարեւան, միանգամից 4 մլրդ դոլարի զենքի վաճառքի պատրաստ գործընկեր եւ զարմացավ այն եվրոպացի չինովնիկների վրա, ովքեր ասում են, թե իրենք չեն տեսել որեւէ ճնշում Հայաստանի վրա՝ իր ընտրությունը դեպի ՄՄ կատարելու մեջ: «Բա այդ ամենը, կամ գազի գնի բարձրացումը ճնշո՞ւմ չէր»,-հարցրեց պարոն Պողոսյանը, որն այդուհանդերձ, հույս հայտնեց, որ հեռու չէ ժամանակը, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ կլինի մի մեծ տնտեսական շուկա:

Նա համաձայն էր մինչ իրեն ելույթ ունեցած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ, որ Հայաստանին՝ Արեւելյան գործընկերության եւ Եվրանեսթի շրջանակներում, պարտադրվում էր հակառուսական դիրքորոշումներ հայտնել, եւ տեսակետ հայտնեց, որ նման դիրքորոշումը հիմնականում Ուկրաինայից էր գալիս. «Արեւելյան գործընկերությունը Ուկրաինայի պատճառով իրոք դարձավ աշխարհաքաղաքական խնդիր, հակառուսական խնդիր, եւ պարզ է, որ Հայաստանը այն երկիրն էր, ումից Ռուսաստանը հեշտությամբ կսկսեր իր քայլերը՝ ընդդեմ Արեւելյան գործընկերության»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031