Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու փոխանցմամբ` Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռաչինսկին, սակայն, ընդգծեց, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:
«Այսօր Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ», – «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կաչինսկին: – «Դեռևս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետև ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թվականների կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արևելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր՝ այն, օրինակ, հնարավորություն կտար մարդկանց լեգալ կերպով աշխատել Եվրամիության երկրներում, կստեղծեր ազատ առևտրի գոտի, երիտասարդ սերնդի համար կապահովեր ուսուցողական ծրագրեր: Այսինքն՝ նույն անվան տակ թաքնված են քաղաքական ու տնտեսական տարբեր իրականություններ, ու կարող է այնպես լինել, որ անվանումը պահպանվի, սակայն այն իր մեջ կպարունակի սակավ սերտ համագործակցություն, քան ենթադրվում էր ի սկզբանե»:
«Եկեք անկեղծ խոսենք: Միգուցե մենք վերցրել էինք չափից դուրս արագ տեմպ, միգուցե այդ նախագծերը չափից դուրս ամբիցիոզ էին, և Արևելյան գործընկերության երկրները ուղղակի ի վիճակի չէին մասնակցել այն նախագծում, որն ի սկզբանե առաջարկվում էր», – նշեց դեսպանը:
Կարդացեք նաև
Սարգիս Հարությունյան