«Վճռաբեկ դատարանում «բեսպրեդել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Դավթյանը՝ խոսելով Վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող «վստահություն չներշնչող ակնհայտ գործողությունների», դատական համակարգի վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցի մասին:
«Շատերը մեղադրում են Պաշտպան Կարեն Անդրեասյանին, ասելով, որ նրա զեկույցում բացակայում են փաստերը, մինչդեռ նրա զեկույցը վերաբերում է 9 դեպքերի, որոնք ճշգրիտ են: Նա ոչ միայն իրավունք ուներ հանդես գալու այդ զեկույցով, այլեւ պարտավոր էր՝ ելնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքից»,-ասաց Գ.Դավթյանը:
Որպես օրինակ՝ փաստաբանը ներկայացրեց իր գործերից մեկը, որով հայցվոր Իրա Զիրոյանը հայց էր ներկայացրել մահացած անձի և փաստաբանի վստահորդ Բորիս Վենդիի դեմ՝ ներքին առուծախի պայմանագրի վավերացման և դրա հիմքով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով:
Այնուհետև հայցվորը փոխել էր իր պահանջը և ձեռքբերման վաղեմության հիմքով հայց ներկայացրել տարիներ առաջ մահացած անձի և նրա ժառանգությունը դեռևս չձևակերպած ժառանգորդի դեմ: «Երբ նրա հայրը մահացավ, նա Ռուսաստանում էր, հայցվորը, ով նրա հարևանն է, օգտվելով առիթից՝ ներխուժում է մահացածի բնակարան, թե ինքը գնել է դա… Այս գործը կարծես թե մահացածների գործ է: Իմ վստահորդը ՌԴ քաղաքացի է, իսկ նախնական պահանջում բողոքը գրված է եղել մահացած անձի դեմ, մինչդեռ դատարանին տեղյակ է պահվել այդ մասին, այնուամենայնիվ դատարանը բողոքը բավարարել է»,-ասաց Գևորգ Դավթյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ բնակարանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով հայցվորը պնդել է, թե ինքը 10 տարուց ավելի՝ 1995 թվականից, ապրել է այդ բնակարանում, մինչդեռ, երբ 2000 թվականին հայցվորը դատական հայց էր ներկայացրել, նա հիմքում դրել է նույն համատիրության տեղեկանք- փաստաթուղթը, որտեղ գրված էր, որ նա միայն 2000 թվականից է ապրել այդ բնակարանում: «Մենք դիմել ենք նաև էլեկտրացանցին՝ հարցնելով, թե արդյոք տվյալ բնակարանում հոսանք մատակարարվել է, և եթե այո, ապա երբ: Իրենք գրավոր պատասխանել են, որ տվյալ բնակարանում սպառում չի եղել»:
Փաստաբանը այս մասին տեղյակ է պահել առաջին ատյանի դատարանին, մինչդեռ պատասխանել են. «Գիտեք ինչ կա, գիշերները գնացել, այնտեղ է ապրել, ցերեկներն այլ վայրում՝ առանց հոսանքի: Իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես դրան որևէ նշանակություն չտվեց»,-շարունակեց Գևորգ Դավթյանը:
Ըստ նրա ՝ Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրվել է առանց ամսաթվի, միակողմ գրված փաստաթղթի պատճենը, որտեղ ստորագրությունը կեղծված է հայցվորի կողմից: Նույնիսկ դրա բնօրինակը չի ներկայացվել դատարան: «Իրավունք վերապահող փաստաթուղթ կարող է լինել միայն բնօրինակը, ոչ թե կրկնօրինակը»,-ասաց փաստաբանն ու հավելեց, թե Վճռաբեկ դատարանը անցկացրել է մասնավոր գործի վարույթ՝ օրենքի ուժ տալով առաջին ատյանին, որի դատավորի դեմ նա պատասխանատվության վարույթ իրականացնելու համար միջնորդությամբ դիմել էր Արդարադատության խորհուրդ, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել: «Ստացվում է, որ յուրաքանչյուրս կարող ենք զրկվել մեր բնակարանից՝ առանց որևէ պարտավորության առկայության»,-ավարտելով իր խոսքը՝ ասաց փաստաբանը:
Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ