Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դատավճիռը:
Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11 տարի ժամկետով ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մայիսի 18-ից:
Վարուժան Սավտալյանի համար մեղադրողը միջնորդել էր 3-5 տարվա ազատազրկում, որը պայմանականորեն չպետք է կիրառվեր եւ պետք է կիրառվեր փորձաշրջան: Դատարանը կես տարով «ավելացրեց» Վ. Սավտալյանի պատժաչափը, սակայն նրա պատիժը պայմանական չի կիրառվի 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ եռյակը մեղադրվում էր Ռոբերտ Ավետյանի՝ Արսեն Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու եւ օժանդակելու համար: Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պետք է տեղի ունենար հոգեմետ «ազալեպտին» դեղամիջոցը հանքային ջրի մեջ լուծելով եւ տուժողին տալով:
Կարդացեք նաև
Նկատենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակմանը չէր մասնակցում:
Տուժող Ռոբերտ Ավետյանը Aravot.am-ին հայտնեց, որ 3 օր առաջ նամակով դիմել է հանրապետության նախագահին, նա պահանջում է անհապաղ ազատել իր որդուն եւ կասկածի տակ է առնում մեղադրանքի կողմի բոլոր ապացույցները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ