Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Տիգրան Համասյանի միակ համերգը: Այն անցկացվում ճանաչված ջազմենի նոր` «Shadow Theater» ալբոմի շնորհանդեսի եւ «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի շրջանակներում: Նախագծի կազմակերպիչն է «Թի Էմ Պրոդաքշընը»: Այս անգամ Տիգրան Համասյանի բենդում ընդգրկված են Արենի Աղաբաբյանը (վոկալ), Չարլզ Ալտուրան (կիթառ), Քրիստոֆեր Տորդինին (բաս) և Արթուր Հնաթեքը (հարվածայիններ):
Համերգի առիթով այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսում լրագրողներին հիշեցրին, որ անցյալ տարի կայացավ Արմեն Բաբախանյանի կազմած «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիայի» շնորհանդեսը: Եվ Տիգրան Համասյանի այս համերգի ողջ հասույթն էլ ուղղվելու է այդ նախագծի զարգացմանը:
Տիգրան Համասյանը ներկայացրեց համերգը եւ իր նոր ալբոմը: Ասաց, որ համերգի երաժշտությունը մեծ մասամբ կլինի ալբոմից, որտեղ մի քանի նոր մշակումներ կան՝ հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաեւ գյումրվա պար:
Ինչ վերաբերում է ձայնասկավառակին, Տիգրան Համասյանի խոսքով, ոճային առումով նոր ձայնասկավառակը զուտ ջազային ալբոմ չէ, կան իմպրովիզներ:
Ներկայացնելով խմբի անդամներին՝ Տիգրան Համասյանն ասաց, որ բոլորի հետ տարբեր ժամանակներում է հանդիպել: «Օրինակ՝ Արենիին հանդիպել եմ 2010-ին, ես երգչուհի էի փնտրում, որը կարող էր երգել Կոմիտաս, դասական երաժշտություն եւ միեւնույն ժամանակ՝ հասկանար ավելի մոդեռն երաժշտություն: Կոմիտասով ենք ծանոթացել իր հետ՝ բեմի վրա: Չարլզի հետ ծանոթացել ենք Լոս Անջելեսում սովորելու տարիներին, երկուսս էլ նույն անսամբլից էինք, բայց շատ վատ անսամբլ էր»,- ժպտալով պատմեց երաժիշտը:
Նա ափսոսաց, որ եղանակի եւ ժամանակի սղության պատճառով չի կարող ծննդավայր Գյումրի այցելել, մանավանդ երկուսուկես օրով է Հայաստանում, ինչի մի մասն արդեն անցավ:
Տիգրան Համասյանը նշեց, որ երեւանյան համերգն իրենց շրջագայության վերջին համերգն է. «Սեպտեմբերի վերջից արդեն ճանապարհներին էինք, մի քառասուն համերգ ենք ունեցել Եվրոպա, Կանադա, ԱՄՆ…»:
Երաժիշտը հավելեց, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված նախագիծ ունի, բայց չցանկացավ մանրամասնել:
Aravot.am-ը հետաքրքրվեց ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարության՝ իրեն զինծառայությունից ազատելու քայլը: «Շատ լավ եմ գնահատում, ինձ չի թվում, թե ես բանակում ավելի լավ կծառայեմ իմ հայրենիքին, քան դրսում հայկական երաժշտություն նվագելով»,-ասաց Տիգրան Համասյանը ու մանրամասնեց՝ ինքն էր դիմել ՀՀ կառավարությանը, կառավարությունն էլ ընդառաջել էր:
Երաժիշտը նշեց, որ վերջին շրջանում Տարկովսկու ֆիլմերն է նայում եւ նորվեգական «Աղմուկի լռությունը», լսում է հայկական հոգեւոր երաժշտություն՝ Շնորհալի, Մաշտոց, Եկմալյան:
Խոսելով երազանքներից, նա նշեց. «Երազանքները տարբեր են, երազանքին կյանքում չես հասնի, երազանքը փոխվում է տարիների ընթացքում, պարզապես պետք է ձգտում լինի՝ հասնելու դրան: Ցավոք, ինչքան երազանքին ձգտում ես, այնքան այն հեռանում է»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրեն վիրտուոզ համարո՞ւմ է եւ ինչ է վիրտուոզն իր ընկալմամբ, երաժիշտը պատասխանեց. «Հարյուր տոկոս ինձ վիրտուոզ չեմ համարում…Շատ ընկերներ ունեմ, որոնք կլասիկ դաշնակահարներ են, երբ նրանք նվագում են՝ հասկանում եմ, որ ես վիրտուոզ ասվածի հետ կապ չունեմ: Իսկ ընդհանրապես՝ վիրտուոզ լինելն ինձ համար տեխնիկական մասն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ